ԱԺ նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ-ի իրացման նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն անդրադարձավ հարցին, թե առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագինը կարո՞ղ է թանկանալ։
«Ուղիղ 6 ամիս է՝ ասում եմ՝ երբ Ատոմակայանի համար նախատեսել եք 12 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, Ատոմակայանն այլ ֆինանսական եկամուտ որտեղի՞ց պետք է ունենա։ Հիմա հարց՝ արդյոք չեմ կարո՞ղ ունենալ հիմնավոր կասկած, որ սակագինը պետք է թանկանա, 12 մլրդ ինչ-որ ձեւով ինչ-որ տեղից դրել են Ատոմակայանին այլ ֆինանսական եկամուտ, որպեսզի զսպեն։ Գիտե՞ք ինչի համար՝ նախընտրական տարի էր»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցին ի պատասխան ասաց Դավիթ Ղազինյանը։
Մեսրոպ Մանուկյանը նշեց․ «Իմ կանխատեսմամբ՝ եթե չլինի պետության ֆինանսավորում կամ լրացուցիչ գումարի տրամադրում, սակագնի բարձրացում է մեզ սպասվում»։
«Ես համակարծիք եմ ձեզ հետ»,- ասաց Դավիթ Ղազինյանը։ «Ես կարող եմ ունենալ հիմնավոր կասկած, որ էներգետիկայի ոլորտում եղած խնդիրները հաշվի առնելով, այդ թվում՝ այս պարագայում արդեն ՀԷՑ-ի դիմումով, այո, սակագնինը բարձրանալու է»,- հավելեց Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, որ սակագնի հնարավոր բարձրացման պատճառները բազմաթիվ են։
Ղազինյանն ասաց, որ ամբողջ ՀՀ էներգետիկ համակարգն արդիականացնելու համար անհրաժեշտ է մոտ 10 մլրդ դոլար։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: