«Բիզնես խլելուն վատ եմ վերաբերվում, բայց պետք է հասկանանք, թե խլել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  դարձյալ առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ԱԺ նիստում հարցրեց Բաբկեն Թունյանին․ «Ինչպե՞ս եք վերաբերվում մարդկանցից բիզնես խլելու մշակույթին։ Նորմա՞լ է արդյոք մասնավոր սեփականության նկատմամբ նման վերաբերմունքը եւ ինչպե՞ս է դա անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի վրա»։

«Խլելուն վատ եմ վերաբերվում, բայց պետք է հասկանանք, թե խլել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։ Եթե տեղի է ունեցել ապօրինություն կամ իրավախախտում, եւ պետությունը դրան նորմալ արձագանքում է, հակառակը, դա չանելը կդիտվի որպես բացասական երևույթ։ Եթե ի սկզբանե տեղի է ունեցել հանցագործություն, եւ պետությունը դրան չի արձագանքում, այ դա է բացասաբար ազդում թե օտարերկրյա ներդրողների, թե մեր քաղաքացիների վստահության եւ թե բիզնես միջավայրի վրա»,- ասաց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հայկ Ֆարմանյանը հարցրեց Թունյանին․ «Ինչո՞ւ է ձեր կառավարման օրոք մեր երկրի տնտեսությունն ամենամեծ կախվածության մեջ ընկել ՌԴ-ից»։

«Եթե կարճ պատասխանեմ՝ պատճառն այն է, որ ՀՀ-ն ու Ռուսաստանը գտնվում են մեկ տնտեսական միության մեջ»,- պատասխանեց Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հարցրեց․ «Դուք գրեթե չպատմեցիք այն ապագայի մասին, որն առաջարկում եք մեր հանրությանը՝ ի՞նչ ապագա ունի մեր երկրի տնտեսությունը։ Ուշադրություն դարձնենք, որ մենք գտնվում ենք տնտեսական բարձր ցիկլում՝ այսինքն՝ պղինձը պատմականորեն ամենաթանկ գնի վրա է, կա ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում միլիարդներ են հոսում Հայաստան, բայց միեւնույն ժամանակ անգամ այսքան հավելյալ շահույթի դեպքում մեր երկիրը շարունակում է ավելացնել բարձր տոկոսով պետական պարտքը։ Եվ պատասխանեք՝ ինչքա՞ն է իջել Վրաստանում աղքատության մակարդակը 2018 թվականից եւ ինչքա՞ն է իջել Հայաստանում»։

Բաբկեն Թունյանն ասաց․ «Հիմա, եթե ես սկսեմ աղքատության ցուցանիշների մասին խոսել, պետական պարտքի մասին խոսել, դրանցից ամեն մեկը մեկ ժամ քննարկելու առարկ է։ Ես ասացի, որ վերջին ցուցանիշներով ՀՀ-ում աղքատությունը կազմել է 21,7 տոկոս։ Ջինիի գործակիցը բավականանին բարելավվել է, այսինքն՝ աղքատների եւ հարուստների միջեւ տարբերությունն էապես նվազել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Կարապետյանն ասաց, որ Վրաստանում ավելի քան 2 անգամ նվազեցվել է աղքատության մակարդակը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment