Որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրն ու ID քարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ինչպես խոստացել ենք, աշնանը կմեկնարկենք կենսաչափական նոր անձը հաստատող փաստաթղթերի տպագրությունը և տրամադրումը մեր քաղաքացիներին: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և կենսաչափական նույնականացման քարտի մասին է, այլ գրեթե բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականին տրամադրվող՝ ինչպես նույնականացման քարտ, այնպես էլ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, քաղաքացիություն չունեցող անձանց կացության կարգավիճակները ևս պլաստիկ քարտի՝ ID քարտի տեսքով, կենսաչափական փաստաթղթեր են լինելու և այլն»,- ՆԳՆ-ին ենթակա ծառայությունների կատարած աշխատանքն ու արձանագրված արդյունքներն անփոփոխ ասուլիսի ժամանակ ասաց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

Նրա խոսքով՝ գործելու են 14 գրասենյակներ՝ մասնավորի կողմից բացված:

«Միտում ունենք այս նոր գրասենյակներով, նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում և կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմանները և ենթակառուցվածքը հնամաշ են: Մենք այստեղ թռիչքաձև նորարարություն և ներդրումներ ցույց կտանք շատ շուտով՝ մոտավորապես երկու ամսից»,- ասաց Դավթյանը:

Ծառայության պետը հայտնեց, որ նոր փաստաթղթերի տրամադրման պայմանները ևս կփոփոխվեն։

«Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվեցին մինչև 24 թվականի սկիզբ, արժեին 25,000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով և համապատասխանում է Եվրոպական միության այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժենալու է 28,650 դրամ, և նույնականացման քարտը արժենալու է 5,950 դրամ: Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով»,- ներկայացրեց Նելլի Դավթյանը:

Նշվեց, որ նոր կարգավորումներով՝ անձնագիր ստանալու համար քաղաքացին պարտադիր պետք է ունենա նույնականացման քարտ։ Նոյեմբերի 1-ից 16 տարին լրանալուց հետո ID քարտ ունենալը դառնում է պարտադիրիսկ, իսկ մինչև 16 տարեկան երեխաները կարող են այն ստանալ ծնողի կամարտահայտությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment