Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ծառուկյանին պատկանող «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները

Դատարանը բավարարել է «Օլիմպավան» մարզահամալիրի կապարակնքման որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի ներկայացրած բողոքը, սակայն դատարանի որոշումը դեռ չի կատարվել։

«Դատարանը գտել է, որ կապարակնքման գործողություններն իրավաչափ չեն։ Երեկ ենք ստացել դատարանի որոշումը, հավանաբար երեկ էլ դատախազությունը ստացած կլինի և ունի բողոքարկման 10-օրյա ժամկետ»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Հովիկ Սուքիասյանը՝ ընդգծելով, որ կապարակնքված ընկերությունների մասով ընդհանուր հինգ բողոք ունեն քննված, և դրանցից միայն մեկ բողոքն է մերժվել։

«Դատարանը, բացի «Օլիմպավանից», բավարարել է «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի», «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումների դեմ մեր բողոքները։ Այս բոլոր դեպքերով էլ, ներառյալ «Օլիմպավանը», բողոքարկման 10-օրյա ժամկետը չի ավարտվել»,- ասաց Սուքիասյանը։

Փաստաբանն ասաց, որ առայժմ սպասում են դատախազության քայլերին․ «Կտեսնենք՝ դատախազությունը բողոքարկում է, թե ոչ, ըստ այդ արդյունքի կշարժվենք»։

Սուքիասյանի խոսքով՝ կապարակնքման որոշման դեմ ներկայացված իրենց բողոքներից դատարանը միայն մերժել է Ծաղկաձորի «Մուլտի Ռեսթ Հաուզ» հյուրանոցի մասով․ «Դատարանը բովանդակային չի անդրադարձել, միջդատական վարույթի ընթացակարգ կա, խնդիրը տեսել է, որ պահպանված չէ։ Բայց մեր մեղքով չի էլի, մենք արդեն վերաքննիչ բողոքը տարել ենք»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment