Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել

Քաղաքականություն

06.08.2026 | 18:13

Վրաստանի Պետական ​​Անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) քրեական գործ է հարուցել ռուս զբոսաշրջիկների դեմ ուղղված ապատեղեկատվական արշավի սաբոտաժի հոդվածով, գրում է Meduza-ն։

Քննիչների վարկածով՝ ռուս զբոսաշրջիկների դեմ ուղղված վարկաբեկող տեղեկատվական արշավն իրականացվում է սոցիալական ցանցերում՝ արտասահմանից համակարգվող կեղծ բոտերի հաշիվների միջոցով։

ՊԱԾ-ը կարծում է, որ արշավի նպատակն է ստեղծել կեղծ տպավորություն, որ Վրաստանում ռուս զբոսաշրջիկներին թշնամաբար են վերաբերվում։ Մասնավորապես, տարածվել են գրառումներ, որոնցում պնդվում է, որ տեղացի ուղեկցորդները զբոսաշրջիկներին մենակ են թողել անտառում, և որ ռեստորանի աշխատակիցները դիտավորյալ փչացրել են նրանց սնունդը։

Սոցիալական ցանցերի այս գրառումները, ենթադրաբար, «համակարգված կերպով վերցվել են բազմամիլիոն լսարան ունեցող խոշոր արտասահմանյան առցանց լրատվականի կողմից»։ News Georgia-ն և Paper Kartuli-ն նշում են, որ տեղի բնակիչների՝ ռուս զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքի մասին գրառումների սքրինշոթերը տարածվել են Mash տելեգրամ ալիքի կողմից, որը սերտորեն կապված է ուժայինների հետ։ Այդ սքրինշոթերից մեկում X սոցիալական ցանցի օգտատերը  նկարագրել  է, թե ինչպես ռուս զբոսաշրջիկներին սպասարկող ռեստորանում աշխատելիս «միզել է» խինկալու համար օգտագործվող մսի մեջ։ Մեկ այլ օգտատեր գրել է, որ թքել է խաչապուրիի մեջ։

Վրացի քննիչները փնտրում են ապատեղեկատվական արշավի կազմակերպիչներին, հանցագործներին և ֆինանսավորման աղբյուրներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment