Քաղաքականություն
06.08.2026 | 18:13
Վրաստանի Պետական Անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) քրեական գործ է հարուցել ռուս զբոսաշրջիկների դեմ ուղղված ապատեղեկատվական արշավի սաբոտաժի հոդվածով, գրում է Meduza-ն։
Քննիչների վարկածով՝ ռուս զբոսաշրջիկների դեմ ուղղված վարկաբեկող տեղեկատվական արշավն իրականացվում է սոցիալական ցանցերում՝ արտասահմանից համակարգվող կեղծ բոտերի հաշիվների միջոցով։
ՊԱԾ-ը կարծում է, որ արշավի նպատակն է ստեղծել կեղծ տպավորություն, որ Վրաստանում ռուս զբոսաշրջիկներին թշնամաբար են վերաբերվում։ Մասնավորապես, տարածվել են գրառումներ, որոնցում պնդվում է, որ տեղացի ուղեկցորդները զբոսաշրջիկներին մենակ են թողել անտառում, և որ ռեստորանի աշխատակիցները դիտավորյալ փչացրել են նրանց սնունդը։
Սոցիալական ցանցերի այս գրառումները, ենթադրաբար, «համակարգված կերպով վերցվել են բազմամիլիոն լսարան ունեցող խոշոր արտասահմանյան առցանց լրատվականի կողմից»։ News Georgia-ն և Paper Kartuli-ն նշում են, որ տեղի բնակիչների՝ ռուս զբոսաշրջիկների նկատմամբ վերաբերմունքի մասին գրառումների սքրինշոթերը տարածվել են Mash տելեգրամ ալիքի կողմից, որը սերտորեն կապված է ուժայինների հետ։ Այդ սքրինշոթերից մեկում X սոցիալական ցանցի օգտատերը նկարագրել է, թե ինչպես ռուս զբոսաշրջիկներին սպասարկող ռեստորանում աշխատելիս «միզել է» խինկալու համար օգտագործվող մսի մեջ։ Մեկ այլ օգտատեր գրել է, որ թքել է խաչապուրիի մեջ։
Վրացի քննիչները փնտրում են ապատեղեկատվական արշավի կազմակերպիչներին, հանցագործներին և ֆինանսավորման աղբյուրներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի