Թմրամիջոցների ստուգման դրական արդյունքի պատճառով ոստիկանությունից հեռացվել է 21 ծառայող

Թմրամիջոցների օգտագործման ստուգման արդյունքում ոստիկանության 21 ծառայողի մոտ դրական պատասխան է արձանագրվել, ինչի հետևանքով նրանք հեռացվել են են ծառայությունից, հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվել է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների ատեստավորման ընթացքն ու արդյունքները, հայտնում է 1lurer.am-ը:

Նախարարը թեմային անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խնդրանքով՝ հրապարակելով համակարգում իրականացվող գնահատման գործընթացի վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Սարգսյանի փոխանցմամբ՝ ոստիկանության ծառայողներից մինչ այժմ ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 9525 անձ։ Նրանցից 6459-ը հաջողությամբ հաղթահարել են գնահատման գործընթացը։

Ատեստավորումն անցած ոստիկաններից 3241-ն արժանացել են գերազանց գնահատականի, 2140-ը ստացել են լավ, իսկ 1078-ը՝ բավարար գնահատական։

Նախարարը միաժամանակ պարզաբանել է, որ դիմումների մեծ թիվը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ծառայողները սահմանված ժամանակահատվածում հնարավորություն ունեն ատեստավորմանը մասնակցելու մեկից ավելի անգամ։

«Բայց, բնական է, մենք մեծ ծավալի դիմողներ ունենք, քանի որ անձինք կարող են կրկնակի, եռակի դիմել իրենց հատկացված ժամանակահատվածում։ Գիտեիք նաև, որ մենք նաև թմրամիջոցների ստուգման պրոցես ենք ապահովել, 21 անձի մոտ պատասխանը եղել է դրական, և տվյալ անձինք, բնական է, ազատվել են ոստիկանության համակարգից»,– հայտնել է ՆԳ նախարարը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Փրկարար ծառայությունում իրականացվող ատեստավորմանը՝ ներկայացնելով այդ համակարգի աշխատակիցների գնահատման արդյունքները։

Նրա տրամադրած տվյալների համաձայն՝ ատեստավորման գործընթացին մասնակցելու համար դիմել է ընդհանուր 3222 փրկարար։ Նրանցից 1569-ն արդեն հաջողությամբ անցել են համապատասխան ստուգումները։ Ատեստավորված փրկարարներից 422-ը ստացել են բավարար, 872-ը՝ լավ, իսկ 275-ը՝ գերազանց գնահատական։

Նախարարի խոսքով՝ Փրկարար ծառայության աշխատակիցների համար նույնպես նախատեսված է ատեստավորման գործընթացին կրկնակի մասնակցելու հնարավորություն՝ սահմանված ընթացակարգի համաձայն։

Բացի այդ, փրկարարների շրջանում ևս իրականացվել են թմրամիջոցների օգտագործման ստուգումներ, որոնց արդյունքում երկու ծառայողի մոտ դրական պատասխան է արձանագրվել։

«Բնականաբար, նույն ցիկլը նաև իրենց հետ է տեղի ունենալու, և փրկարար ծառայության դեպքում 2-ի մոտ է, որ պատասխանը եղել է դրական, և 2 ծառայողն էլ ազատվել են աշխատանքից»,– տեղեկացրել է Արփինե Սարգսյանը։

Leave a comment