Արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի պատվիրակության հետ՝ Երևան կատարած պաշտոնական առաքելության շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։
Ինչու է դա կարևոր. Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի բիզնեսի կարգավորում՝ հանուն ներդրումների, թվայնացման, աճի և ձեռներեցության» (BRIDGE) խորհրդատվական ծրագրի ընթացքն ու առանցքային ուղղությունները։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես կարգավորման, ներդրումային միջավայրի և թվային կառավարման արդիականացմանը։
Քննարկումների առանցքային մանրամասները.
-
Օրենսդրական բարեփոխումներ. «Առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի բարեփոխման ռազմավարական ուղղությունների մշակում։
-
Պետական ռեգիստրի թվայնացում. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի ամբողջական թվայնացում և ընթացակարգերի պարզեցում։
-
Միջգերատեսչական համագործակցություն. Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարությունների սերտ փոխգործակցությունը Համաշխարհային բանկի ու տեղական կառույցների հետ՝ թվային կառավարումն ամրապնդելու և ձեռներեցությանն աջակցելու համար։