Դատախազը միջնորդել է Ծառուկյանի կալանքը երկարաձգել 3 ամսով (PAN.am)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով հանրային մեղադրողը դատարանից պահանջել է ևս 3 ամսով երկարաձգել նրա նկատմամբ ընտրված կալանքը։ Պաշտպանական կողմը վիճարկել է միջնորդության հիմնավորվածությունը։

«Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովել մեղադրյալի նկատմամբ քրեադատավարական օրենսգրքի պահանջները։ Հանրային շահը գերակա է վերջինիս ազատությանից»,- ասել է Մարկոսյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը փորձել է դատական նիստի ընթացքում ներկայացնել քրեական գործով տրված ցուցմունքները, սակայն դատարանը թույլ չի տվել դրանց ներկայացումը։

Փաստաբանն առարկել է դատարանի այդ որոշմանը՝ հայտարարելով, որ դրանով սահմանափակվում է պաշտպանական կողմի իրավունքը՝ ներկայացնելու կալանքի անհրաժեշտությունը հերքող փաստարկները։ Սարգսյանի գնահատմամբ՝ գործով առկա ցուցմունքների ուսումնասիրությունը հնարավորություն կտար ցույց տալու, որ Ծառուկյանին անազատության մեջ պահելու համար բավարար հիմքեր չկան։

Դիմելով դատարանին՝ պաշտպանը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանրային մեղադրողները տարբեր մեղադրյալների վերաբերյալ ներկայացրել են միևնույն բովանդակությամբ հիմնավորումներ։

Նրա կարծիքով՝ նման մոտեցումը վկայում է կալանքի հարցի ոչ անհատականացված քննարկման մասին։ Սարգսյանը դատական գործընթացի այդ հատվածը բնութագրել է որպես ձևական քննարկում։

Փաստաբանը հատկապես վիճարկել է այն պնդումը, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել քրեական գործի քննությանը կամ ազդեցություն գործադրել վկաների վրա։

«Պետք է ասեն՝ ինչպե՞ս կարող է Ծառուկյանը խոչընդոտել գործին, որ մենք կարողանանք դրա վերաբերյալ հակափաստարկ ներկայացնել, սակայն հանրային մեղադրողները որևէ բան չեն ներկայացնում։ Ուզում եմ միանգամից բացատրել, որ փաստաթղթային որևէ գործողության մասով ապացուցողական գործողությունների հետազոտման կամ դրանց խոչընդոտման հնարավորությունը զրո է։ Հանրային մեղադրողը վերացական ասում է՝ վկաների վրա կարող է ներգործություն ունենալ․ ո՞ր վկայի։ Ասում են` հանրային հեղինակություն ունի Ծառուկյանը, մարդն ի՞նչ անի, հեղինակազրկվի՞»,- ասել է Սարգսյանը։

Հուլիսի 6-ին տեղեկություններ են տարածվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գործող ձեռնարկություններում իրավապահների իրականացրած գործողությունների մասին։ Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են կատարել ինչպես Ծառուկյանի բնակության վայրում, այնպես էլ նրա հետ առնչվող ընկերությունների տարածքներում։

Նույն օրը Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է, իսկ հուլիսի 7-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է կալանքը՝ որպես խափանման միջոց։ Հետագայում քրեական գործի հետ կապված սահմանափակումներ են կիրառվել նաև Ծառուկյանին պատկանող և նրա հետ փոխկապակցված գույքի նկատմամբ։

Leave a comment