ԵՄ-ն նշում է 1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 75-ամյակը

Հուլիսի 28-ին՝ 1951 թվականի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 75-ամյակի առթիվ, Եվրոպական միությունը վերահաստատել է իր լիակատար հանձնառությունը Կոնվենցիայի ու դրա արժեքների եւ սկզբունքների նկատմամբ, ինչպես նաեւ առ այն, որ փախստականների պաշտպանությունը մնա ԵՄ-ի եւ գործընկեր երկրների օրենսդրության, միջազգային իրավունքի եւ արդյունավետ բազմակողմ համագործակցության հիմքում։

Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Կոնվենցիան շարունակում է ապահովել փախստականների պաշտպանության համար անհրաժեշտ իրավական շրջանակը՝ սահմանելով փախչել հարկադրված անձանց իրավունքները եւ պետությունների պարտավորությունները՝ նրանց պաշտպանելու համար։

«Միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքը կարեւորագույն նշանակություն ունի զինված հակամարտությունների հետեւանքով հարկադիր տեղահանությունները կանխելու եւ նվազեցնելու, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչության պաշտպանությունն ապահովելու համար։ ԵՄ-ն նաեւ ճանաչում է մարդասիրական սկզբունքներին համապատասխան գործող մարդասիրական կազմակերպությունների անփոխարինելի դերը՝ տուժած բնակչությանը պաշտպանություն եւ օգնություն ցուցաբերելու գործում», – ասվում է հայտարարության մեջ:

Այս կարեւորագույն տեքստի 75-ամյակի առթիվ Եվրոպական միությունը նաեւ վերահաստատել է իր աջակցությունը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) գրասենյակին, որի մանդատը «շարունակում է էական նշանակություն ունենալ գլոբալ տեղահանման մարտահրավերների հաղթահարման գործում»։

Հայտարարության մեջ նաեւ հիշեցում է արվում, որ ԵՄ անդամ պետությունները զգալի պատասխանատվություն են ստանձնել փախստականներին եւ տեղահանված անձանց ընդունելու հարցում, այդ թվում՝ ժամանակավոր պաշտպանություն տրամադրելով ավելի քան 4.4 միլիոն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել Ուկրաինան վերջինիս դեմ Ռուսաստանի ագրեսիայի արդյունքում։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment