«Գործընթացը վաղուց է մեկնարկել, որոշակի քայլեր իրականացվել են Հայաստանի կողմից, սահմանային անցակետը կահավորվել է, վերանորոգվել, բայց, ձեր կարծիքով, չի՞ լճացել»,- կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հարցրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը։
Հարցին՝ ինչի՞ն է սպասում Թուրքիան, որովհետև Հայաստանը փաստացի պատրաստ է, բայց Թուրքիան չի բացում, ինչ-որ նախապայմաննե՞ր են դրել Հայաստանի առաջ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ գործընթացը չի կանգնել, դանդաղել է: Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, և մենք մշտապես դա ասել ենք: Ես ավելի շատ կապում եմ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած գործընթացների ավարտին և, այսպես ասած, անդառնալիության կետի անցման հետ, որը, ըստ իմ գնահատականի, միանշանակ մոտ ապագայի խնդիր է: Նկատի ունեմ թե՛ անդառնալիության կետը, որը խաղաղության առումով մենք արդեն վաղուց հատել ենք, թե՛ սահմանի բացման հարցը, որովհետև որևիցե նախադրյալ չկա, որ ես կարծեմ, թե այդ հարցը չի լուծվի կամ հավելյալ կձգձգվի:
Չէ, ես չեմ ուզում հենց կոնկրետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վրա ֆիքսվենք, բայց եկեք արձանագրենք՝ Թուրքիայի կողմից ևս աշխատանքներ իրականացվում են այդ ուղղությամբ: Դուք նշեցիք մեր տարածքում գոյություն ունեցող գործընթացները, բայց Թուրքիայի տարածքում նույնպես գործընթացներ են տեղի ունենում, որոնք ենթակառուցվածքներ վերականգնելուն, կապեր վերականգնելուն են միտված: Մենք հանդիպումներ ենք ունենում, մեր գործարարներն են գնում այնտեղ, և, մի խոսքով, պրոցես է, որը դրական ընթացք ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: