Ռեշետնիկով․ ՌԴ-ից Հայաստանին մատակարարվող գազի գինն այլ կերպ, քան սուբսիդավորում, անվանել հնարավոր չէ. ԵԱՏՄ-ից դուրս դժվար թե որևէ մեկը նման պայմաններ առաջարկի

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի ստեղծի, հայտնում է ՏԱՍՍ։

«Եթե այդ մատակարարումները գնահատենք Միության (ԵԱՏՄ) մյուս երկրների շուկաների վրա տնտեսական ազդեցության տեսանկյունից, դրանց նշանակությունը չի կարելի էական անվանել։

Աշխարհի հետ Ռուսաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը։ ԵԱՏՄ-ի մյուս երկրների համար այդ ցուցանիշն ավելի ցածր է (Բելառուսի համար՝ 0,3%, Ղազախստանի՝ 0,05%, Ղրղզստանի՝ 0,02%)։

Մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները», – լրագրողներին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

««Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունները առիթ են հիշեցնելու այն կարևոր առավելությունների մասին, որոնք Հայաստանի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին մասնակցելու և մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ», – նշել է նախարարը։ – Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից։ Միությանը մասնակցելու շնորհիվ ԵԱՏՄ-ում սահմանված պահանջներին համապատասխանող հայկական ապրանքներն անարգել մուտք են ստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներ»։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցության ընթացքում հայկական արտահանումը Միության երկրներ (2015-2025 թվականներին) աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 մլն դոլարից հասնելով 3,2 մլրդ դոլարի։ Հայաստանի ավանդական արտահանման ավելի քան 80%-ը՝ պարենամթերքը, գյուղատնտեսական ապրանքներն ու ալկոհոլը, մատակարարվում են ԵԱՏՄ երկրներ։

Ըստ Ռեշետնիկովի՝ ԵԱՏՄ-ին ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին. որակի և լոգիստիկայի միասնական պահանջների շնորհիվ այդ ապրանքները շարունակում են պահանջված մնալ Միության ներսում, մինչդեռ այլընտրանքային շուկաներ դուրս գալը արտադրական շղթաների երկարատև վերակառուցում է պահանջում և բարձր առևտրային ռիսկեր պարունակում։

ՌԴ տնտեսական զարգացման նախարար հավելել է, թե ԵԱՏՄ-ն ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև հայկական տնտեսության համար հիմնական տեսակի ռեսուրսների գլխավոր մատակարարը։ «Միության ընդհանուր գազային շուկայի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 ԱՄՆ դոլար գնով», – ասել է նա։

«Իսկ եթե այդ գինը համեմատենք հազար խորանարդ մետրի դիմաց 600 ԱՄՆ դոլարը գերազանցող արդիական «եվրոպական» գների հետ, ապա դա այլ կերպ, քան սուբսիդավորում, անվանել հնարավոր չէ։ Այդ գումարը տարեկան կազմում է մոտ 1 մլրդ դոլար։ Դժվար թե ԵԱՏՄ-ից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին առաջարկել նման պայմաններ», – ընդգծել է Ռեշետնիկովը։

«Այդ պատճառով, խոսելով Եվրամիություն անդամակցելու, ԵԱՏՄ-ին ինչ-որ «այլընտրանքներ» փնտրելու մասին, անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել առկա տնտեսական պատկերը», – կարծում է նա։

«Տնտեսական զարգացման նախարարությունում հավելել են, որ եթե Հայաստանը որպես կազմակերպության լիիրավ անդամ կորցնի ԵԱՏՄ շուկա մուտքի հնարավորությունը, ապա, փորձագիտական գնահատականներով, ՀՀ-ից արտահանումը Միության երկրներ կնվազի ավելի քան 60%-ով։

Դա տեղի կունենա սահմանին մաքսային և այլ տեսակի վերահսկողության վերականգնման, հայկական ապրանքների փաստաթղթերի ավտոմատ ճանաչման դադարեցման և լոգիստիկ ծախսերի աճի հետևանքով։

Իսկ գազի նկատմամբ իջեցված մաքսատուրքերի (30%) շնորհիվ Հայաստանը տարեկան տնտեսում է 120 մլն դոլար։

Սա է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության իրական այլընտրանքը, այն որոշումների հետևանքները, որոնց մասին Հայաստանի ղեկավարությունը բացահայտ հայտարարում է»,- նշում է ՏԱՍՍ-ը։

Իրավիճակը «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ

«Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ իրավիճակը։ Դա ռուսական ընկերության «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում մենք արդեն ներդրել ենք ավելի քան 30 մլրդ ռուբլի, ձեռք ենք բերել նոր շարժակազմ և զարգացնում ենք ենթակառուցվածքը պայմանագրային պարտավորությունների հիման վրա։

Եթե այդ պարտավորությունները միակողմանի վերանայվեն, իսկ մեր ներդրողին վնաս հասցվի, մենք հիմքեր կունենանք պահանջելու դրա փոխհատուցումը։ Հարցի այնպիսի ձևակերպումը, թե նման իրավիճակում Ռուսաստանը պետք է Հայաստանին ինչ-որ հավելավճար անի, անհիմն է», – նշել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։

Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն նախագծին, ապա այն հաջողությամբ զարգանում է, ասել է նախարարը։ «Ուստի տնտեսական տեսանկյունից այն թեզը, թե առանց Հայաստանի ԵԱՏՄ չի լինի, մեղմ ասած, չափազանցություն է։

Եթե դիմենք պատմությանը, պետք է ընդգծել, որ եվրասիական ինտեգրացիոն նախագիծը հաջողությամբ գոյություն է ունեցել և զարգացել է առանց Հայաստանի՝ 2010 թվականին Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից ստեղծված Միասնական տնտեսական տարածքի և Մաքսային միության ձևաչափում։

Եթե Հայաստանն իրականացնի Եվրամիությանը միանալու իր կուրսը, ԵԱՏՄ-ն կշարունակի գոյություն ունենալ և զարգանալ առանց նրա», – նշել է Ռեշետնիկովը:

Լուսանկարը՝ Kremlin.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment