Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դռնփակ նիստում այսօր դատարանը որոշեց վերացնել Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, նրա նկատմամբ ընտրեց 3 ամիս ժամկետով տնային կալանք և վերականգնեց շփման սահմանափակումները։

«Պահման պայմանների և երեխայի լավագույն շահի պահպանման տեսանկյունից լավ է, որ փոխվեց տնային կալանքի, բայց խստացվեց այն ռեժիմը, ինչը դատավորը ներկայացրել էր նախորդ կալանքի որոշմամբ։ Նախորդ կալանքի որոշմամբ շփման որևէ սահմանափակում չէր արձանագրվել։ Շփման բացվելուց հետո, ինչ-ինչ պատճառներով, դատարանը որոշեց վերականգնել շփման սահմանափակումները», – նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպաններից Տաթևիկ Սողոյանը՝ շեշտելով, որ բողոքարկելու են թե՛ խափանման միջոցի ժամկետը, թե՛ խափանման միջոցը։

«Եթե նույնիսկ այս մեղադրանքը գոյություն ունի, այն միջին ծանրության հանցանք է։ Նույնիսկ գրված չէ, թե այդ գաղտնի տեղեկությունը, որ իբր տիկին Մանուկյանը փոխանցել է, պետությանը ինչ վնաս է հասցրել։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ այդ արարքի համար կարող է նշանակվել տուգանք կամ կարճաժամկետ ազատազրկում՝ երկու ամիս ժամկետով, իսկ եթե առկա են դրա ծանր ձևերը՝ 3-5 տարի ազատազրկում։ Ծանր ձևերի մասին որևէ բան չունենք, բայց այն վերջնական պատիժը, որը կար, տիկին Մանուկյանը կրել և ավարտել է», – ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Արեգնազ Մանուկյանի մեղքն ապացուցող որևէ տվյալ չկա։

«Ոչ կա տվյալ քրեական գործում, որ այդ փակ նիստին Արեգնազը ներկա է եղել, ոչ որևէ պատգամավորի ցուցմունք կա, որ ասի՝ Արեգնազին տեսել է այդ նիստում, ոչ էլ տվյալ կա, որ փոխանցվել է», – հավելեց փաստաբանը։ Սողոյանի խոսքով՝ գործով չկա նաև որևէ անձ, որը Արեգնազ Մանուկյանի դեմ ցուցմունք է տվել։

Դատարանի դահլիճից Արեգնազ Մանուկյանը ոստիկանների ուղեկցությամբ տուն գնաց:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքը փոխվել է, այնտեղից դուրս է բերվել ՔԿ-ի կողմից արված պնդումը, թե 2024-ի ընթացքում Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ենթադրյալ «հավաքագրումը» եղել է հասարակական կազմակերպության կողմից։ Չկա նաեւ դրվագը, որ Անդրանիկ Թեւանյանը 622 հազար դոլարի դիմաց է գաղտնի ծառայությունները փոխանցվել այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցչին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment