Խորապես կապված ՌԴ-ի հետ՝ ԵՄ-ի հետ լայն ինտեգրման ուղով

Ռիսկեր եւ արտաքին քաղաքական հավասարակշռության հարցեր 

Համադրել եվրոպական համագործակցության խորացումը՝ անվտանգային եւ տնտեսական շահերի պահպանման հետ

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները դուրս են եկել սովորական գործընկերության շրջանակներից, սա արդեն երկարաժամկետ ռազմավարական համագործակցություն է, քանի որ այն ներառում է անվտանգության, պետական կառավարման, կիբեռանվտանգության, տեղեկատվական դիմակայունության եւ ընտրական գործընթացների պաշտպանության ոլորտները։ Փաստացի, ձեւավորվել է համագործակցության այնպիսի մոդել, որը բնորոշ է Եվրամիության հետ խոր ինտեգրման ճանապարհն ընտրած պետություններին։

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ այս գործընթացը դեռեւս չի նշանակում Հայաստանի արագ ինտեգրում եվրոպական կառույցներին։ Նույնիսկ Եվրամիության ներքին փաստաթղթերում արձանագրվում է, որ Հայաստանը շարունակում է խորապես կապված մնալ Ռուսաստանի հետ՝ էներգետիկ, տնտեսական եւ անվտանգային բազմաթիվ ուղղություններով։ Ռուսական ռազմաբազայի ներկայությունը, սահմանապահ ծառայության մասնակցությունը պետական սահմանի պահպանությանը, ռուսական ընկերությունների վերահսկողությունը ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին առեւտրի զգալի կախվածությունը ռուսական շուկայից շարունակում են սահմանափակել Երեւանի արտաքին քաղաքական մանեւրելու հնարավորությունները։

Հենց այդ հանգամանքն է ներկայիս իրավիճակը դարձնում առավել բարդ։ Մի կողմից՝ Հայաստանը փորձում է ընդլայնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ստանալով նոր քաղաքական, ֆինանսական, ինստիտուցիոնալ եւ անվտանգային աջակցություն, մյուս կողմից՝ այդ գործընթացը տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է տնտեսական, քաղաքական եւ տեղեկատվական լծակներով արձագանքել Երեւանի արտաքին քաղաքական վերակողմնորոշման ցանկացած փորձի։ Եվրամիության փաստաթղթերում առանձնացված հնարավոր ռիսկերը՝ գազի գնի վերանայում, առանձին ապրանքների առեւտրի սահմանափակումներ, տեղեկատվական արշավներ, հոգեբանական ազդեցության գործողություններ եւ տարածաշրջանային լարվածության օգտագործում, փաստացի արտացոլում են այն գործիքակազմը, որի կիրառման հավանականությունը Բրյուսելում համարում են իրատեսական։ Հատկանշական է, որ վերջին ամիսներին հայ-ռուսական հարաբերություններում արդեն տնտեսական բնույթի բարդություններ են ի հայտ եկել, որոնք Եվրոպայում դիտարկվում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ճնշման հնարավոր դրսեւորումներ։

Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզմամբ, մի պարզ պատճառով. Հայաստանը շարունակում է կարեւոր նշանակություն ունենալ Ռուսաստանի համար ինչպես Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ներկայության պահպանման, այնպես էլ տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից։ Այդ պատճառով առավել հավանական է ոչ թե բացահայտ դիմակայության, այլ աստիճանական քաղաքական եւ տնտեսական ճնշումների սցենարը, որի նպատակը կլինի սահմանափակել Հայաստանի եվրոպական ուղղությամբ առաջընթացը՝ առանց հարաբերությունների ամբողջական խզման։

Մյուս կողմից, Եվրամիության քաղաքականությունը եւս ունի իր սահմանափակումները։ Չնայած վերջին ամիսներին Բրյուսելի աջակցությունը դարձել է առավել ընդգծված, ԵՄ-Ն դեռեւս Հայաստանին չի առաջարկում անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք կարող են ամբողջությամբ փոխարինել գործող անվտանգային համակարգին։ Նոր քաղաքացիական առաքելությունը, արագ արձագանքման խմբերը, խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությունը կարեւոր քայլեր են, սակայն դրանք չեն հանդիսանում ռազմական անվտանգության մեխանիզմներ։

Հետեւաբար, Հայաստանի համար առաջիկա տարիներին առանցքային խնդիր է լինելու եվրոպական համագործակցության ընդլայնումը համադրել սեփական անվտանգային եւ տնտեսական շահերի պահպանման հետ։ Եվ այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ ներքին քաղաքական կայունությունը։ Հետեւաբար, ցանկացած արտաքին աջակցություն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե զուգորդվի պետական կառավարման արդյունավետության բարձրացմամբ, իրավական ինստիտուտների ամրապնդմամբ եւ հասարակության ներսում քաղաքական բեւեռացման նվազեցմամբ։

Ընդհանուր առմամբ, վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հասել են մինչ այժմ ամենաբարձր քաղաքական մակարդակին։ Եթե նախկինում համագործակցության առանցքում հիմնականում տնտեսական եւ ժողովրդավարական օրակարգն էր, ապա այժմ ձեւավորվում է համապարփակ գործընկերություն, որն ընդգրկում է նաեւ անվտանգային ոլորտը։ Սա որակական նոր փուլ է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլեւ Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացման տեսանկյունից։

Միեւնույն ժամանակ այդ գործընթացի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի մի քանի առանցքային գործոններից՝ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքից, ԵՄ-ի պատրաստակամությունից՝ շարունակելու քաղաքական եւ ֆինանսական աջակցությունը, տարածաշրջանային անվտանգության միջավայրից, ինչպես նաեւ Հայաստանի իշխանությունների կարողությունից՝ պահպանելու արտաքին քաղաքական հավասարակշռությունը։ Եթե այս գործոնները զարգանան բարենպաստ ուղղությամբ, Հայաստան-ԵՄ հարաբերությունները կարող են աստիճանաբար ընդլայնվել մինչեւ նոր ռազմավարական մակարդակ՝ ներառելով տնտեսական, քաղաքական, ինստիտուցիոնալ եւ անվտանգային համագործակցության ավելի խոր ձեւաչափեր։

Սակայն ակնհայտ է նաեւ, որ այդ ճանապարհը լինելու է երկար եւ ուղեկցվելու է զգալի աշխարհաքաղաքական մրցակցությամբ։ Հայաստանի համար հիմնական մարտահրավերը լինելու է հնարավորինս արդյունավետ օգտագործել ԵՄ-ի ընձեռած հնարավորությունները՝ միաժամանակ նվազեցնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի բացասական արձագանքի, տնտեսական կախվածության եւ տարածաշրջանային անվտանգության բարդ իրողությունների հետեւանքով։ Հենց այս հավասարակշռության պահպանումն է առաջիկա տարիներին որոշելու ոչ միայն Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման խորությունը, այլեւ Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղությունն ու արդյունավետությունը։

Ռազմավարական որակապես նոր փուլ

Խորհրդանշական եւ քաղաքական մեծ նշանակություն ուներ ապրիլի 21-ին Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից ընդունված որոշումը՝ Հայաստանում ստեղծելու նոր քաղաքացիական գործընկերային առաքելություն՝ EUPM Armenia։ Հայաստանի դիմումով ստեղծված առաքելությունը երկու տարվա մանդատով պետք է աջակցի հայկական պետական կառույցներին հիբրիդային սպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների եւ ընտրական գործընթացներում արտաքին միջամտությունների կանխման գործում։

Այս որոշումը վկայում է, որ Բրյուսելն արդեն Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես Արեւելյան գործընկերության մասնակից երկիր, այլ որպես գործընկեր, որի ներքին կայունությունն ու անվտանգությունը անմիջական ազդեցություն ունեն ԵՄ շահերի վրա։

Հատկանշական է, որ նոր առաքելությունը գործնականում փոխարինելու է 2023-ին ստեղծված EUMA առաքելությանը, որի հիմնական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մշտադիտարկումն էր։ Նոր ձեւաչափը զգալիորեն տարբեր է. եթե EUMA-ն կենտրոնացած էր սահմանային անվտանգության վրա, ապա EUPM Armenia-ն ուղղված է Հայաստանի պետական կառավարման համակարգի դիմակայունության բարձրացմանը՝ աշխատելով անմիջապես պետական կառույցների հետ։

Եվրամիության փաստաթղթերում հատուկ ընդգծվում է, որ առաքելությունը Հայաստանի համապատասխան մարմիններին տրամադրելու է ռազմավարական խորհրդատվություն եւ գործառնական աջակցություն՝ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների (FIMI), կիբեռսպառնալիքների, ինչպես նաեւ ընտրական եւ քաղաքական գործընթացներում ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ։

Թեեւ պաշտոնական փաստաթղթերում Ռուսաստանը բացահայտ չի հիշատակվում, սակայն ավելի վաղ շրջանառված Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության փաստաթուղթը հստակ արձանագրում էր, որ տրամադրվող աջակցությունը պետք է ուղղված լինի «Ռուսաստանի ապակայունացնող գործունեության դեմ, որը կոշտացրել է իր հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ Երեւանի դեպի Եվրամիություն աստիճանական վերակողմնորոշման ֆոնին՝ օգտագործելով Հայաստանի խորը տնտեսական կախվածությունը եւ տարածաշրջանային անվտանգության փխրուն միջավայրը»։

Նույն փաստաթուղթն ընդգծում էր նաեւ, որ եթե Եվրամիությունը չաջակցի Հայաստանին, ապա «ԵՄ-ն կկորցնի պատմական հնարավորությունը՝ թույլ տալու տարածաշրջանային դերակատարներին ազատվել Մոսկվայի գրկից մի փուլում, երբ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացել են»։

Այս ձեւակերպումները փաստացի ցույց են տալիս, որ Բրյուսելում Հայաստանը դիտարկվում է ոչ միայն որպես բարեփոխումներ իրականացնող պետություն, այլեւ որպես այն երկիրը, որի միջոցով ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում։

Գործընկերության խորացում՝ առանց ԵՄ անդամակցության խոստման

Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման կարեւորագույն քաղաքական դրսեւորումներից մեկն, իհարկե, Երեւանում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովն էր, որը կայացավ մայիսի 5-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո։

Այն փաստը, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան անձամբ մասնակցեցին Երեւանում անցկացվող գագաթնաժողովին, արդեն իսկ փաստեց, որ Հայաստանը Բրյուսելի համար բարձր քաղաքական նշանակություն ունի։

Ընդունված հռչակագրում ակնհայտ էր դառնում ԵՄ զգուշավոր մոտեցումը։ Չնայած վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ԵՄ անդամակցության հեռանկարը, փաստաթղթում դրա վերաբերյալ խոստում չկա, բացի այն, որ արձանագրեց. «ԵՄ-ն ճանաչում է հայ ժողովրդի եվրոպական ձգտումները, որոնք խարսխված են 2025թ. մարտի «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի» ընդունման վրա՝ արտահայտելով երկրի մտադրությունը շարժվել դեպի ԵՄ»։

Փոխարենը Բրյուսելը հայտարարեց. «ԵՄ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը՝ ամրապնդելու իր հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին եւ երկարաժամկետ զարգացմանը՝ Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը»։

Այս ձեւակերպումը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն առայժմ չի պատրաստվում խոսել անդամակցության քաղաքական հեռանկարի մասին։ Այսինքն՝ Բրյուսելը փորձում է զարգացնել առավելագույն հնարավոր համագործակցությունը՝ առանց ստանձնելու այնպիսի քաղաքական պարտավորություններ, որոնք կարող են սրել հարաբերությունները Ռուսաստանի կամ տարածաշրջանի մյուս դերակատարների հետ։

Նույն զգուշավորությունը նկատելի էր նաեւ Հարավային Կովկասի վերաբերյալ ձեւակերպումներում։ Հռչակագրում նշվում էր. «Մենք վերահաստատում ենք մեր ուժեղ աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղությանը, անվտանգությանը, հաղորդակցությանը եւ բարգավաճմանը եւ բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը եւ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանն ուղղված ջանքերը»։

Փաստաթղթում ուղղակիորեն չէր հիշատակվում Ռուսաստանը, սակայն ընդգծվում է, որ «Հայաստանի ապագան պետք է որոշվի ազատ եւ ժողովրդավարական ճանապարհով իր քաղաքացիների կողմից՝ առանց արտաքին ճնշման», ինչը եվրոպացի դիվանագետների գնահատմամբ ակնհայտ քաղաքական ուղերձ է Մոսկվային։

Բրյուսելը հայտարարեց, որ շարունակելու է համագործակցությունը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ։ Փաստաթղթում նշվեց. «Մենք համաձայնում ենք շարունակել մեր արդյունավետ համագործակցությունը պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար, հատկապես երկակի օգտագործման եւ մարտադաշտի համար զգայուն իրերի առեւտրի վերաբերյալ, ներառյալ կանխարգելող քայլերի ձեռնարկումը Հայաստանի ֆինանսական հատվածի չարաշահման դեմ»։

Սա կարեւոր քաղաքական ազդակ է, քանի որ Բրյուսելը Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը կապում է ոչ միայն տնտեսական համագործակցության, այլ նաեւ եվրոպական անվտանգային քաղաքականության հետ։

Միաժամանակ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը։ Փաստաթղթում վերահաստատվում է նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ մինչեւ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումային հնարավորությունը «Գլոբալ դարպաս» նախաձեռնության շրջանակներում։ Նշվում են նաեւ էներգետիկ համագործակցության նոր ուղղությունները, այդ թվում՝ Սեւ ծովով էլեկտրաէներգիայի փոխանցման ստորջրյա մալուխի նախագիծը, Մեծամորի ատոմակայանի շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակումը, ինչպես նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում տարեկան խորհրդակցությունների անցկացումը։

Առաջընթաց էր արձանագրվում նաեւ վիզաների ազատականացման գործընթացում։ Փաստաթղթում նշվեց, որ այդ ուղղությամբ գրանցվել է «նշանակալի առաջընթաց», եւ երկու կողմերն էլ նպատակ ունեն, որպեսզի տասնամյակի ավարտին Հայաստանի քաղաքացիները կարողանան առանց վիզայի այցելել ԵՄ երկրների մեծ մասը։

 Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment