«Այդ օրը տոնակատարություն չէ, երբեք չի կարելի տոնակատարության օր ընդունել»,- այսօր՝ Անկախության 35-ամյակի առիթով, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էին Հայաստանում Արցախի հայաթափման օրը տոնակատարություններ անում։
Այսօր Քոչարյանը հարցեր տվող լրագրողների միկրոֆոններին էր նայում, նոր հետո որոշում՝ հարցերին պատասխանի, թե ոչ։ Մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների հարցերի հրաժարվեց պատասխանել։ Լրագրողի դիտարկմանը՝ «Ընտրողաբա՞ր է պատասխանում», Քոչարյանը պատասխանեց, որ այդպես էլ է լինում։
Հարցին, թե մեր անկախությունն այսօր վտանգվա՞ծ է, թե ոչ, պատասխանեց. «Անկախությունը միշտ պետք է պաշտպանել, պաշտպանելու համար բոլորս պետք է պատրաստ լինենք՝ անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, թե իշխանություն։ Պատասխանատվությունը մեր երկրի հանդեպ տարբեր ընկալումների միջով է անցնելու»։
Անդրադառնալով անկախության խորհրդին՝ ասաց՝ Վազգեն Սարգսյանից լավ ոչ ոք դրա մասին չի կարող ասել. «Վազգենի խոսքերն աֆորիզմ են դարձել, Վազգենի խոսքերը բոլորիս համար մի արժեք ունեն»։
Հարցին, թե Վազգեն Սարգսյանն այսօր, եթե ողջ լիներ, ինչպե՞ս կվերաբերեր նրան, որ Արցախն այսօր մերը չէ, ի պատասխան ասաց. «Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ չի պատկերացրել երբեք, հանձնված վիճակի հետ երբեք չի հաշտվել, պարզ չի՞ դա։ Մենք շատ ավելի ծանր վիճակներից դուրս ենք եկել, 1994-ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք։ Այդ հիշողությունից, եթե զրկվենք, մեր մարդկային կերպարանքից կզրկվենք»։
Հարցին՝ «Իսկ Նիկոլ Փաշինյանն հիմա չի՞ փորձում մեզ մեր հիշողությունից զրկել», Քոչարյանը «ոչ, ոչ» ասելով՝ քայլեց առաջ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: