Վերջին հինգ տարիների ընթացքում Հնդկաստանում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան չորս անգամ։ Ինչպես հայտնում է The Times of India-ն՝ վկայակոչելով կառավարության տվյալները, այժմ նրանց թիվը հասնում է 576-ի՝ նախկինում գրանցված 142-ի փոխարեն։
2026 թվականի մարտին ավարտված ֆինանսական տարվա հարկային հայտարարագրերը ցույց են տվել, որ 576 հնդիկ հայտարարագրել է 1 մլրդ դոլար և ավելի ընդհանուր եկամուտ։ Հինգ տարվա ընթացքում միլիարդատերերի թվի աճի տեմպը ռեկորդային է դարձել Հարավասիական հանրապետության համար։ 30 մլն դոլարը գերազանցող ներդրումային ակտիվներ ունեցող քաղաքացիների թիվը 2021 թվականի 12.1 հազարից 2026 թվականին աճել է մինչև 19.8 հազար։ Աշխարհի գերհարուստ մարդկանց ընդհանուր ցուցակում Հնդկաստանի մասնաբաժինը 2.2%-ից հասել է 2.8%-ի։
2024 թվականին գրանցված անկումից հետո Հնդկաստանում զգալիորեն ավելացել է բարձր վարձատրվող աշխատողների թիվը։ Աշխատաշուկան վերականգնվել է և գերազանցել է համավարակից առաջ գրանցված մակարդակը, ինչը հանգեցրել է գործազրկության նվազմանը։ Խորհրդարանին ներկայացված կառավարության զեկույցում նշվում է, որ կառավարության միջոցառումներն ուղղված են անհավասարության կրճատմանը և ներառական տնտեսական աճի խթանմանը։
Երկիրը մտել է կապիտալի կուտակման ոլորտում վերափոխումների դարաշրջան։ Դրա պատճառը նոր սերնդի ձեռնարկատերերի և ֆինանսիստների մուտքն է բիզնես։ Նրանց կարողությունն աճել է ավելի քան 1 մլրդ դոլար շուկայական գնահատական ունեցող ստարտափների, ՏՏ տեխնոլոգիաների և ֆոնդային շուկայում բաժնետոմսերի հրապարակային վաճառքների շնորհիվ։ Ըստ լրատվամիջոցների՝ այժմ Հնդկաստանի գերհարուստ բնակիչների ավելի քան 15%-ը 30 տարեկանից ցածր է, իսկ բարձր և գերբարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների 20%-ը 40 տարեկանից ցածր է։
Գերբարձր եկամուտներ ունեցող մարդկանց թվով Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը։ Ասիայում այն զիջում է միայն Չինաստանին և Ճապոնիային։ Երկրում պաշտոնապես գրանցված է ավելի քան 1 մլրդ դոլար կապիտալ ունեցող 108 ընտանեկան բիզնես ձեռնարկություն․ այս ցուցանիշով Հնդկաստանը աշխարհում երրորդն է։