ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, բոլոր երկրները պարտավոր են ապահովելու ծառայությունների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժ: Եթե դա չի ապահովվում, նշանակում է՝ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ Հայաստանը, այնուհանդերձ, արտահանման հետ կապված խնդիր ունի: Ինչպե՞ս ստացվեց, եվրոպական երկրների շուկաները չեն բավարարո՞ւմ այլևս։
«Մենք, որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ և երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, ԵԱՏՄ-ն աշխատի և ԵԱՏՄ-ն գործի, ոչ թե, օրինակ՝ ՀԱՊԿ-ի նման, գործի կամ աշխատի: Սրա արդյունքում մենք կարծում ենք, որ այս համակարգը պետք է աշխատի, որովհետև այն ապրանքը, որն Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական Միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, չի կարող, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում:
Հետևաբար, այս հարցը, երբ մենք գնում ենք ու ուզում ենք քննարկել կամ քննարկել, առաջին հերթին նշանակում է քննարկել հարց, որի արդյունքում ԵԱՏՄ սկզբունքները կաշխատեն, որովհետև ԵԱՏՄ սկզբունքներին չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, իմ կարծիքով, ԵԱՏՄ-ի խնդիրն է:
Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության և մենք չենք կարող այդ կազմակերպության՝ որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»,-նշել է Գևորգ Պապոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։