Բավարար գնահատելով Շիրակում հանցավորության դեմ պայքարի արդյունքները՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է  հետևողականորեն իրականացնել կանխարգելման աշխատանքներ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։

Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը ներկայացրել է կատարված աշխատանքը։

2026 թվականի առաջին կիսամյակում վարչությունում գրանցված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24 տոկոսով նվազել են։ Քրեական ոստիկանությանը վերաբերելի 273 դեպք է գրանցվել։ Սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են ծանր, աճել՝ առանձնապես ծանր հանցագործությունները։ 66,2 տոկոսով նվազել են նաև համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները։

Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 387 դեպք, բացահայտվել՝ 333-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86 տոկոս՝ նախորդ տարվա 80,5-ի դիմաց։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ մեքենաներից կատարվող գողությունները, աճել՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի սպասարկման տարածքում 239 հանցագործության դեպք է գրանցվել, բացահայտվել՝ 203-ը։ Նվազել են գողության, խուլիգանության, մարդու դեմ ուղղված դեպքերը։ Աճել են անչափահասների կողմից, նվազել՝ նրանց նկատմամբ կատարված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնում սեփականության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել․ գրանցվել է հանցագործության 21 դեպք, ինչը 38,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։

Վեց ամսվա ընթացքում Համայնքային ոստիկանության Անիի բաժնում գրանցված հանցագործության 122 դեպքից բացահայտվել է 116-ը կամ 95,1 տոկոսը։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերն ավելացել են։ Աճել են նաև անչափահասի նկատմամբ կատարված հանցագործությունները։
Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժնում գրանցվել է հանցագործության 32 դեպք, բացահայտվել՝ 30-ը։ Հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացմամբ։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում նվազել են։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 142 դեպք, բացահայտվել՝ 131-ը։ Լատենտային հանցագործություններից աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները 120 հանցագործության դեպք են բացահայտել՝ 7,1 տոկոսով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 62 118 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 12 757-ով ավելի։ Շիրակի մարզում նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և վիրավորների թիվը։

Ներկայացնելով գործունեության հիմնական ուղղությունները՝ Ոստիկանության գվարդիայի Գյումրիի պետական պահպանության բաժնի պետը նշել է, որ ծառայողները, հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ, բացահայտել են մի շարք հանցագործություններ և պատշաճ իրականացրել օբյեկտների պահպանությունը։

Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով Շիրակի մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները՝ ՆԳ նախարարը հանձնարարել է չսահմանափակվել միայն հանցագործությունների բացահայտմամբ, այլև հետևողականորեն իրականացնել կանխարգելման աշխատանքներ։

Նախարարը դրական է գնահատել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվող հափշտակությունների նվազման միտումը՝ ընդգծելով կանխարգելիչ և իրազեկման աշխատանքի կարևորությունը։

Խարդախությունների, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ նախարարն ընդգծել է անհետաձգելի և համարժեք արձագանքի անհրաժեշտությունը։ Հանձնարարվել է ակտիվացնել նաև ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման և շրջանառության կանխման, նաև անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքը։

Նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, հետևողականորեն ապահովել բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումը։

Արփինե Սարգսյանը կարևորել է ստորաբաժանումներում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումն ու ղեկավարների անմիջական աշխատանքը անձնակազմի հետ, ինչպես նաև Ոստիկանության տարբեր ծառայությունների միջև օպերատիվ կապը, տեղեկատվության արագ փոխանակումը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Նախարար Սարգսյանը հանձնարարել է բակային և գյուղական տարածքներում Ոստիկանության հենասյունային ուղղություններով պարբերաբար իրականացնել թիրախային ուժեղացված ծառայություններ՝ հանցավորության կանխարգելման և բացահայտման, հասարակական կարգի պահպանության ու բնակչության անվտանգության ապահովման նպատակով։

Արփինե Սարգսյանը նաև այցելել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակ, ծանոթացել ծառայության պայմաններին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment