«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փաստացի վաղուց արդեն կոռուպցիայի նպաստման հանձնաժողով է և նպաստում է ՔՊ-ականների կոռուպցիային»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ինքնաբացարկի դիմում ներկայացրած, պատգամավորի մանդատից հրաժարված «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի անդամ Սեմյոն Բաբայանը՝ անդրադառնալով մեր այն փաստմանը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) մերժել է Սեմյոն Բաբայանի դիմումի հիման վրա վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարքագծի կանոնների խախտման փաստով։
Սեյմոն Բաբայանը ԿԿՀ դիմում էր ներկայացրել՝ պահանջելով վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ հունիսի 11-ին հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե: Դիմումատուն նշել էր, որ վարչապետն իր այս հայտարարությամբ խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված քաղաքական զսպվածության, վարքագծի կանոնների պահպանման, ինչպես նաև քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը հարգելու պարտականությունները:
Մեր այն դիտարկմանը՝ ԿԿՀ-ն հիմնավորում է, որ «վարչապետի խոսքերը կրել են որոշակի չափազանցություն, սակայն դրանք արտահայտվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ և ուղղված չեն եղել անձնական վիրավորանք հասցնելուն, այլ կրել են գնահատողական բնույթ՝ կապված նախընտրական շրջանում հնարավոր իրավախախտումների և ընդդիմադիր ուժերի գործունեության քննադատության հետ» և հարցին՝ համամի՞տ եք այս գնահատականներին, Սեյմոն Բաբայանը պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ։ Մենք ունենք այսօր 500 հազար անձնավորություն, որոնք քվեարկել են ընդդիմության համար, նրանցից 350 հազարը կաշառակե՞ր են․․․ Ինքն աչքաչափով որոշում է՝ քրեական գործ հարուցել, թե՝ ոչ, աչքաչափով չափում է՝ օրինակ՝ 15 զինվորներին, որ վառվեցին, որ սենց է եղել, հետո հարկադրում է՝ քննիչը ինչ որոշում գրի։ Սա է խնդիրը»։
Սեյմոն Բաբայանը ցավով նշեց՝ մարդիկ արդեն հոգնում են անարդարության դեմ պայքարելուց․ «Իրավապաշտպանները մաշվում են, իսկ նախկինում իրավապաշտպանները ֆինանսավորվել են արևմուտքից, բայց նրանք արդեն լուռ են, և մնում են այն իրավապաշտպանները, որոնք ոչ մի տեղից չեն ֆինանսավորվում․ միակ ֆինանսավորումն իրենց հայրենասիրությունն է։ Բայց մեր ուժերն էլ շատ սահմանափակ են։ Կոչ եմ անում, եթե շահագրգիռ մարդիկ, իրավապաշտպաններ կան, թող միանան մեզ։ Ամենակարևորը, որ քաղաքացիները միայնակ չմնան այս կարգի վարքագծի կանոնների խախտման մասով, այլ պետք է դիմեն իրավասու մարմին, որը ԿԿՀ-ն է։ Ես ոչ թե դիմում եմ այն անձին, որն արել է այդ հայտարարությունը, այլ այն անկախ մարմնին, որը պարտավոր էր իրականացնել իր լիազորությունները և գործողությունները վարչական վարույթի դեպքով, որ դիմացինի ախորժակը սաստեր։ Իրականում մենք տեսանք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամենևին անկախ չէ։ 7 անդամներից 4-ը հենց ՔՊ-ական են։ Արամայիս Փաշինյանին եմ ճանաչում․ պատահական նրա ազգանունը Փաշինյան է, պատահական իջևանցի է և պատահական ներգրավված է հանձնաժողովում՝ որպես անդամ և ամենաազդեցիկ դեմքերից է։ Միգուցե բացարկ հայտնեմ, որ ինքն ընդհանրապես որոշում չկայացնի»։
Սեյմոն Բաբայանը հայտնեց, որ պատրաստվում է նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին դատի տալ։ Նա հիշեցրեց՝ ինքնաբացարկի դիմում էր գրել և ասաց, որ իզուր չէր գնացել ԿԸՀ։ Այս առիթով պարզաբանեց․ «Գնացել էի, որ բացարկ ներկայացնեմ և վարչական վարույթի նյութերին ծանոթանալով՝ նաև բացարկ ներկայացրի ԿԸՀ չորս անդամներին։ Բայց այդ օրը ներկա էին ԿԸՀ 5 անդամները․ չհասկացա՝ մյուս 2-ն ինչու չկային։ Ինձ հետաքրքրում էր, որ Վահագն Հովակիմյանը հարցներ՝ ո՞վ է ստիպել ինձ ինքնաբացարկ տալ։ Համառորեն Վահագն Հովակիմյանն այդ հարցը չէր տալիս, մինչդեռ ուզում էի այդ հարցից հետո պատասխանել՝ դու ես ստիպել, քանի որ Վահագն Հովակիմյան, ընտրությունները սարքեցիր ֆարս, քո ոչ մասնագիտական մոտեցմամբ դու ես ստիպել, որ ես ինքնաբացարկ եմ հայտնել պատգամավորի թեկնածուի։ 106 հոգի, որոնք ներկայացրել էին ինքնաբացարկ, ցեխ շպրտոցի եղավ նրանց վրա, թե իբր՝ որպես առնետ նավից փախչում են։ Ես՝ ԿԸՀ-ում իմ ներկայությամբ ցույց տվեցի, որ ես այդ մարդը չեմ, իրականում ես առաջ ընկա, որ ինձ վրա ցեխ չշպրտվի, ցույց տվեցի, որ դրա մեղավորությունը հենց ԿԸՀ խամաճիկ հանձնաժողովինն է․ ոչ միայն ընտրություն, այլև պատգամավորի թեկնածուի ինքնաբացարկ կազմակերպել չեն կարողանում։ Մասնավորապես՝ տեսաք, որ Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նիստի ժամանակ ասում եմ՝ մինչև որոշում կայացնելը, քեզ և ԿԸՀ մյուս երեք անդամներին բացարկ եմ տալիս, դու որոշում ընդունիր՝ մերժիր, հետո քննարկի իմ բացարկը։ Ինքն այդպես չարեց, հետո ասացի՝ ինձ ծանոթացրեք վարույթի նյութերին, դա էլ չարեց։ Միջնորդությունները գրավոր կան, էդ մասով ես Վահագն Հովակիմյանին դատի եմ տալու։ Դրա ռեսուրսն ունեմ»։
Սեյմոն Բաբայանը նաև հայտնեց, որ սեպտեմբերին դատական նիստ է նշանակված Մայրենի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ Պատմության 7-րդ դասարանի դասագրքերը շրջանառությունից հանելու համար իր դիմումի հիման վրա Վարչական դատարանում վարույթի շրջանակում․ «Դասագրքերը շրջանառությունից հանելու դատական գործով դատաքննություն է նշանակված Ժաննա Անդրեասյանի մասով»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: