ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում

Եվրամիությունը թեկնածու չորս երկրների համար անդամակցության անհատական ճանապարհային քարտեզներ է նախապատրաստում։ Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի աղբյուրներին, փոխանցում է Sova news-ը։

Բրյուսելը ԵՄ-ին անդամակցելու մանրամասն, փուլային ծրագրեր է մշակում Ուկրաինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի և Ալբանիայի համար՝ այն երկրների, որոնք ինտեգրման ճանապարհին առավել առաջ են անցել։

Փաստաթղթերում առաջին անգամ կսահմանվեն բանակցային կլաստերների փակման մոտավոր ժամկետները՝ վերջնաժամկետները և պայմանների հստակ ցանկը։ Դրանց կատարման դեպքում թեկնածու երկրներին երաշխավորվելու է միությանն անդամակցությունը։ Ճանապարհային քարտեզներում կնշվեն ոչ միայն թեկնածուներին ներկայացվող պահանջները, այլև ԵՄ գործող անդամների պարտավորությունները, որոնց միաձայն համաձայնությունից է կախված բանակցությունների առաջխաղացումը։

Բրյուսելը դիտարկում  է «փուլային անդամակցության» մոդելը, որի դեպքում երկրները, բարեփոխումների իրականացմանը զուգահեռ, հասանելիություն են ստանում միասնական շուկային և ԵՄ առանձին ծրագրերին՝ առանց սպասելու լիարժեք անդամակցության պաշտոնական ավարտին։

Միաժամանակ, պաշտոնատար անձինք հաստատել են, որ գործընթացի ավելի վաղ փուլում գտնվող մյուս թեկնածու երկրներին՝ Կոսովոյին, Հյուսիսային Մակեդոնիային ու Բոսնիա և Հերցեգովինային, այս փուլում ճանապարհային քարտեզներ չեն առաջարկվի։

«Դրանք չեն առաջարկվի նաև Վրաստանին, Թուրքիային և Սերբիային, որոնց անդամակցության հայտերը կասեցվել են՝ ժողովրդավարական և դատական գործընթացների հետընթացի վերաբերյալ մտահոգությունների պատճառով»,- գրում է Politico-ն։

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է, որ նոր ճանապարհային քարտեզներն «անդամակցության շուրջ բանակցությունների ավարտին տանող ուղի կապահովեն»։ Դրանցում կսահմանվի առաջնահերթությունների հստակ ցանկ՝ ժամկետներ և ակնկալվող արդյունքներ, որոնք առավել առաջ անցած թեկնածու երկրներին կօգնեն ավարտին հասցնել անհրաժեշտ բարեփոխումները։

Ընդլայնման գործընթացի բարեփոխման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը հոկտեմբերի 6-ին կներկայացվի բարձրաստիճան դիվանագետներին, իսկ ԵՄ երկրների առաջնորդները նոր մեխանիզմները կքննարկեն հոկտեմբերի 15–16-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment