Տիգրան Ավինյանի և Մարիամ Պահլավունու ընտանիքի 2025 թվականի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 62 մլն 647 հազար 821 դրամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա ընտանիքի անդամների վերջին տարիների հայտարարագրերը՝ սկսած 2017 թվականից։ Եթե 2018 թվականին Տիգրան Ավինյանի տարեկան եկամուտը կազմում էր 13 մլն դրամ, ապա 2025 թվականի հայտարարագրում այդ թիվը 4.2 անգամ աճել է՝ դառնալով ավելի քան 57 մլն դրամ։ Սա հայտարարագրված եկամուտն է։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ավինյանի հայտարարագրերում տարեցտարի աճել են եկամուտները, կրիպտոակտիվները, իսկ ընտանիքի բիզնեսներն ու ակտիվները ևս ընդլայնվել են։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Տիգրան Ավինյանը նոր գույք կամ ավտոմեքենա չի ձեռք բերել և ոչինչ չի օտարել։

Նա շարունակում է փաստացի բնակվել Երևանում գտնվող առանձնատանը, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն օգտագործում է ավելի քան 90 օր։ Սակայն որևէ տեղեկություն չկա, թե ում առանձնատանն է բնակվում Ավինյանը և արդյոք դրա համար վարձավճար վճարում է։

Քաղաքապետի միակ ավտոմեքենան շարունակում է մնալ 2021 թվականի արտադրության Volkswagen-ը, որը նվիրատվությամբ ստացել էր 2022 թվականին։ Թե ումից է ստացել՝ հայտարարագրից չի երևում։

Բանկային հաշիվներում գումարը մեկ տարվա ընթացքում նվազել է՝ 13.7 մլն դրամից հասնելով 5.86 մլն դրամի, կանխիկ միջոցները՝ 24.43 մլն դրամից դառնալով 20.89 մլն դրամ։

Փոխարենը շարունակել է աճել Bitcoin-ի պաշարը՝ 4.57 BTC-ից հասնելով 5.41 BTC-ի։ Նա նաև պահպանել է 5 Ethereum և 1,483 ADA Cardano կրիպտոակտիվները։

2025 թվականին Ավինյանի եկամուտը, ըստ պաշտոնական փաստաթղթերի, կազմել է 57 մլն 671 հազար 356 դրամ, որից՝

29.2 մլն դրամ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձ,
1.94 մլն դրամ՝ աշխատավարձին հավասարեցված վճարումներ,
26.5 մլն դրամ՝ Poolin հարթակից ստացված եկամուտ։

Վարկեր, փոխառություններ կամ խոշոր ծախսեր նա չի հայտարարագրել։

Իսկ ի՞նչ է հայտարարագրել կինը

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, 2025 թվականին ևս փաստացի օգտագործել է նույն առանձնատունը, պահպանել է 2017 թվականի արտադրության Range Rover ավտոմեքենան, շարունակել է ունենալ «Բարուր» և «Լավ Փրոդաքթս» ընկերություններում բաժնեմասեր։

Նա «Բարուր» ՍՊԸ-ին տրամադրել է 15 մլն դրամ անտոկոս փոխառություն։

Տարեվերջին նրա բանկային ավանդները կազմել են 44.5 մլն դրամ։

2025 թվականի եկամուտը կազմել է 4 մլն 976 հազար 465 դրամ, որից՝

3.83 մլն դրամ՝ աշխատավարձ,
1.15 մլն դրամ՝ տոկոսային եկամուտ։

Այսպիսով, Տիգրան Ավինյանի և Մարիամ Պահլավունու ընտանիքի 2025 թվականի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 62 մլն 647 հազար 821 դրամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment