Դենիս Ջորկաեֆ. «Սովորում եմ հայերեն»

ՀՖՖ նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆը գրառում է կատարել սոցիալական ցանցերում։

«Սիրելի՜ հայրենակիցներ, ֆուտբոլասերներ, պատիվ ունեմ հայտնելու, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։

Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։

Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Եղել եմ ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ֆրանսիայում զբաղեցրել եմ փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել եմ որպես ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական։ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։

Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։

Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար։

Որպես անկախ թեկնածու՝ ես ունեմ հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնեմ առաջիկա օրերին։ Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու։

Շնորհակալություն եմ հայտնում «Սյունիք» ֆուտբոլային ակումբին՝ վստահության համար, և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցելու ինձ այս ճանապարհին։

Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն։

Հաղթանա՛կ Հայաստանին», ֆեսբույքան էջում գրել է Դենիս Ջորկաեֆը։

Leave a comment