Բազմահազարանոց բողոքի ցույց Դուբլինում՝ Իռլանդիայի ռազմական չեզոքության մեխանիզմի բարեփոխման դեմ

 

 

Դուբլինում հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ ի պաշտպանություն Իռլանդիայի ռազմական չեզոքության և ընդդեմ իռլանդացի զինծառայողներին արտերկիր ուղարկելու մեխանիզմը փոխելու կառավարության ծրագրերի: Այս մասին տեղեկացնում է PA Media-ն։

Նշվում է, որ, ըստ ակցիայի մասնակիցների, բարեփոխումը կթուլացնի չեզոքության երաշխիքները և կարող է երկիրը ներքաշել ռազմական հակամարտությունների մեջ։

Ցուցարարները կրում էին Իռլանդիայի, ՄԱԿ և Պաղեստինի դրոշները, պաստառներին գրված էին Եվրոպայի ռազմականացման և պատերազմի դեմ կարգախոսներ։ Ցույցին մասնակցել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ և սենատորներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների փոքր առավելությամբ հավանություն է տվել այսպես կոչված «եռակի կողպեքի» մեխանիզմի բարեփոխմանը։ Ներկայում ավելի քան 12 իռլանդացի զինծառայողի արտերկիր ուղարկելու համար միաժամանակ պահանջվում են ՄԱԿ մանդատը, կառավարության որոշումը և խորհրդարանի հավանությունը։

Կառավարությունը մտադիր է այս կարգից հանել ՄԱԿ մանդատի պարտադիր պահանջը՝ դա բացատրելով խաղաղապահ առաքելությունների արգելափակումը Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից որևէ մեկի, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից թույլ չտալու անհրաժեշտությամբ։ Իշխանությունները նախատեսում են օրենքն ընդունել մինչև տարեվերջ։

Ընդդիմությունը պնդում է, որ բարեփոխումը փաստացի վերացնում է գործող համակարգը և խաթարում երկրի չեզոքությունը։

Ըստ ցուցարարների՝ Իռլանդիան պետք է շարունակի ապավինել դիվանագիտությանն ու խաղաղապահ գործունեությանը, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությանը և Եվրոպայի ռազմական ներուժի հզորացմանը։

Բարեփոխման որոշ հակառակորդներ պահանջել են հանրաքվե անցկացնել։ Իր հերթին պաշտպանության նախարար Հելեն Մաքենթին պնդել է, որ ընդդիմությունը մոլորեցնում է հանրաքվեի կողմնակիցներին: Նա նշել է, որ հանրաքվեն անհրաժեշտ է Սահմանադրությունը փոխելու համար, մինչդեռ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են օրենսդրությանը։

Leave a comment