Հայաստանում քաղցկեղով առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ տարում 19,4% աճ. Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երգն ու պարը լավ է, բայց եղեք տեղեկացված, որ Հայաստանում քաղցկեղի առաջնային հիվանդացությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ մեկ տարում 19,4% աճ, ավելի քան 4 անգամ գերազանցելով վերջին հինգ տարիների միջին տարեկան աճի տեմպը։

Հիմա ավելի մանրամասն.

2024 թվականին Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է 10 174 չարորակ նորագոյացության դեպք, ինչը 22%-ով ավելի է, քան 2023 թվականին (8 327 դեպք)։ Միաժամանակ առաջնային հիվանդացության ցուցանիշը 100 000 բնակչի հաշվով աճել է 280,9-ից մինչև 335,4, այսինքն՝ 19,4%-ով՝ հասնելով 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին։

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է, իսկ 100 000 բնակչի հաշվով ցուցանիշն աճել է շուրջ 2,3 անգամ։

Համեմատության համար՝ 2019–2024 թթ. առաջնային հիվանդացության ցուցանիշի միջին տարեկան աճի տեմպը կազմել է շուրջ 4,7%։

2024 թվականի տվյալներով տղամարդկանց շրջանում չարորակ նորագոյացությունների կառուցվածքում առաջին տեղը զբաղեցնում են շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունները (ICD-10՝ C33–C34), իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի (ICD-10՝ C50)։

Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ վիճակագրության վրա կարող են ազդել բնակչության ծերացումը, ախտորոշման մեթոդների կատարելագործումը, դեպքերի հաշվառման բարելավումը և հաշվառման մեթոդաբանության փոփոխությունները։ Սակայն բնակչության ծերացումը աստիճանական գործընթաց է և չի կարող բացատրել մեկ տարվա ընթացքում արձանագրված 22% աճը։

Այնուամենայնիվ, 2024 թվականի ռեկորդային ցուցանիշը փաստ է, որը չի կարելի անտեսել։ Այն ուշադրություն է պահանջում ինչպես առողջապահական համակարգի, այնպես էլ հասարակության կողմից։

Կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները, վաղ ախտորոշումը և ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ բարելավումը՝ ռիսկերի գրագետ կառավարմամբ, շարունակում են մնալ քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից։

Որպես հանրային առողջության ոլորտի մասնագետ և Երևանի ավագանու անդամ հորդորում եմ պահպանել քաղաքներում բնությունը և սակավաթիվ հասուն ծառերը։

Աղբյուրները՝ «Չարորակ նորագոյացություններ. Վիճակագրական տարեգիրք 2025», Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ, ՀՀ առողջապահության նախարարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment