1883 hուլիսի 3-ին ծնվել է Ֆրանց Կաֆկան․ հրեական ծագում ունեցող այս գրողը ստեղծեց մի գրականություն, որում պատկերվող իրավիճակները, միջավայրը նկարագրելու համար անգամ հատուկ եզրույթ կա՝ Կաֆկեսկ* (կաֆկայական)։
Մեզանից 143 տարի առաջ ծնված այս գրողի մասին խոսելիս այսօր առաջին պլան է գալիս նրա ուրույն ձեռագիրն ու ներդրումը համաշխարհային գրականության զարգացման մեջ, իսկ հաջողության պատմության ետևում, ինչպես լինում է սովորաբար, ճանապարհ է, որն անցնում է սարերի ու ձորերի միջով։ Կաֆկայի դեպքում այդ ճանապարհն անվերջանալի ճամփորդություն էր դեպի ներս՝ յուրօրինակ պայքար սեփական մարմնի դեմ, որն, ըստ այդ մարմնում ապրող անձի, բավարար չափով հագեցած չէր լիարժեք կյանքի համար։ Մեր օրերում հոգեբանները գուցե Կաֆկայի մոտ մարմնի դիսմորֆիկ խանգարում ախտորոշեին՝ այդպիսով գոնե անուն տալով նրա հոգեկան անվերջանալի տառապանքներին, թեև առանց դրանց կարող է և չստեղծվեր համաշխարհային գրականության այնպիսի ազդեցիկ գործը, ինչպիսին «Կերպարանափոխությունն» է։
Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրը որոշեցինք խոսել նրա «հիվանդության պատմության» մասին ոչ թե նրա մարդկային թուլությունները վերհիշելու, այլև ևս մեկ անգամ համոզվելու համար, որ մարդը, իսկ տաղանդավոր մարդն առավել ևս անգամ իր թուլության, տկարության մեջ զրկված չէ մեծ գործեր արարելու հնարավորությունից։ Նա ծանր մանկություն ու պատանեկություն էր ունեցել․ հոր խիստ ու բռնապետական բնավորությունն ու առողջական խնդիրները խաթարել էին նրա աշխարհընկալումը։
Կաֆկայի համար անքնությունը, գլխացավերը, թուլությունն ու ուժասպառության զգացումը կենսակերպի նման մի բան էին։ Նա ապաստան էր փնտրում բնության, մաքուր օդի, գյուղական միջավայրի մեջ, նախընտրում բուսակերությունը, սառը լոգանքներ էր ընդունում, սպորտով զբաղվում, իսկ այ պաշտոնական բժշկությանն ու դեղամիջոցներին մոտենում էր քամահրանքով: Ընդամենը 34 տարեկան էր, երբ տուբերկուլյոզը գրողին իր ողջ տրամադրության տակ առավ՝ 7 տարի շարունակ ստիպելով և՛ պայքարել իր դեմ, և՛ «ընկերանալ» իր հետ։
Կաֆկայի խոսքով՝ հիվանդությունն իր ներսում բարու և չարի միջև պայքարի արդյունք էր, որը նրա կյանքից ստեղծագործական աշխարհ տեղափոխվեց գրեթե աննկատ։ Այս իմաստով Կաֆկայի երկերը երբևէ չեն կորցնի իրենց արդիականությունը, քանի որ խոսում են մարդկությանը հավերժորեն տանջող խնդիրների՝ ցավի, ֆիզիկական ու հոգեկան տառապանքի, մարդու մարմնի խոցելիության, հասարակական պահանջներին չհամապատասխանող մարդու ճակատագրի մասին՝ ցույց տալով նրա գոյաբանական ճգնաժամերը, անհատի օտարացումն ու մեկուսացումը հասարակությունից։
Ֆրանց Կաֆկայի ստեղծագործություններում հաճախ հանդիպում են կերպարներ, որոնք տառապում են ֆիզիկական ցավից, հաշմանդամությունից կամ ենթարկվում են սարսափելի կերպարանափոխությունների։ Այս պատկերումները խորհրդանշում են մարդու մարմնի և հասարակության կողմից պարտադրվող սպասումների միջև առկա հակասությունը։
Նրա ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ «Կերպարանափոխության» հերոսն առավոտյան արթնանալով՝ հայտնաբերում է, որ վերածվել է մի հսկայական ուտիճի։ Այս անսովոր կերպարանափոխության պատճառով նա ոչ միայն ֆիզիկական և հոգեկան տառապանքների է բախվում, այլև խորապես օտարվում է իր շրջապատից՝ «օգտակար մարդուց» «անօգուտ մեկի» վերածվելով։
Այս ստեղծագործությունը, առաջին հերթին, պատմություն է այն մասին, թե ինչպես է սովորական մարդը կորցնում իր արժեքն ընտանիքի և հասարակության աչքում այն պահին, երբ այլևս չի կարող աշխատել և ապահովել նրանց գոյությունը։
«Ես չեմ կարող քեզ հասկացնել։ Ես չեմ կարող ոչ մեկին հասկացնել, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Ես նույնիսկ ինքս ինձ չեմ կարող բացատրել դա»։
Ֆրանց Կաֆկա, «Կերպարանափոխություն»
Այս ամենի միջով, թեկուզ և ոչ ֆանտաստիկ կերպարանափոխությամբ, Կաֆկան ևս գուցե անցել էր՝ ստիպված լինելով ընտրել անվերջ բուժումների, աշխատանքի ու ամուսնության միջև․․․
1924 թվականին, ընդամենը քառասուն տարեկան հասակում, Կաֆկան մահանում է տուբերկուլյոզից։
Մահից առաջ գրողն իր մտերիմ ընկերոջը՝ Մաքս Բրոդին խնդրել էր այրել իր բոլոր անտիպ ձեռագրերը, օրագրերը, նամակներն ու գրառումները։ Սակայն Բրոդը չկատարեց այդ ցանկությունը․ նա խմբագրեց և հրատարակեց Կաֆկայի ստեղծագործությունները, որոնք դարձան համաշխարհային գրականության անբաժանելի մասը։
Այն, ինչ ասում է Կաֆկան իր ստեղծագործություններում, այսօր էլ խիստ արդիական է․ մարդն առավելապես կարիք ունի ոչ միայն մարմնի բուժման, այլ մարդկային արժանապատվության, ինքնության և կյանքի իմաստի վերականգնման։ Մարդը, տառապող մարդը աջակցության, կարեկցանքի, իրեն ընդունելու և հասկանալու կարիք ունի՝ անգամ եթե բոլորովին անհասկանալի պայմաններում հայտնվել է միջատի կարգավիճակում։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
*Քեմբրիջի բառարանում Kafkaesque բառը նկարագրվում է այսպես. «չափազանց տհաճ, վախեցնող և շփոթեցնող, նման Ֆրանց Կաֆկայի վեպերում նկարագրված իրավիճակներին»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: