Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը, որի օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը: Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն Անետա Բաբայանը ներկայացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ընդգծել, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Երևանի բազմամոդալ տրանսպորտային համակարգը՝ արդիականացնելով և վերազինելով Երևանի մետրոպոլիտենը և ապահովելով անվտանգ շահագործում, բարձր հուսալիություն և ծառայությունների որակ։ Մանրամասներ են ներկայացվել ծրագրում ներդրումների իրականացման և կառավարման պլանի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ծրագրի տնտեսական կենսունակությանը, սոցիալ-տնտեսական օգուտներին և շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:
Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները, դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:
Անետա Բաբայանը ներկայացրել է նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Ընդգծվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբեռնաթափվի վերգետնյա տրանսպորտը բազմամոդալ հաղորդակցության միջոցով, կզարգանա էկոլոգիապես պատասխանատու տրանսպորտը և կնվազի օդի աղտոտումը, կբարելավվի բնակիչների տրանսպորտային փորձառությունը և ծառայությունների որակը: Մանրամասներ են ներկայացվել պահանջարկի աճին զուգահեռ համակարգի արդիականացման առաջարկի վերաբերյալ: