«Փաշինյանը հաղթեց, բայց Հարավային Կովկասի փազլը անհնար է հավաքել առանց Վրաստանի»

Ներկայացնում ենք Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) կայքում հրապարակված Washington Can Change the South Caucasus հոդվածի թարգմանությունը։
Հոդվածի հեղինակը Civic-IDEA վերլուծական կենտրոնի ղեկավար, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին է։
Թինաթին Խիդաշելի
Հայաստանի վարչապետը հաղթեց հունիսի 7-ի ընտրություններում՝ ի հեճուկս հոգեւորականության, Մոսկվայի եւ, թվում էր, պատմության դիմադրության։ Նա ապացուցեց, որ գրագետ առաջնորդության, համառ աշխատանքի եւ ապագային, այլ ոչ թե անցյալին նայելու պատրաստակամության դեպքում ղեկավարն ունակ է առաջնորդել իր ժողովրդին նույնիսկ ամենադժվարին ճանապարհներով։
Փաշինյանը ցույց տվեց, որ անգամ դեպի ծով ելք չունեցող եւ բարդ հարեւանությամբ սեղմված փոքր երկիրը կարող է հրաժարվել ուրիշի խաղում զինվոր լինելուց եւ սկսել կերտել սեփական տեղն աշխարհում՝ բաց սահմանների, տրանսպորտային ու թվային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ գլոբալ առեւտրային միջանցքներին ինտեգրվելու միջոցով։
Ադրբեջանի հետ կարգավորման ձգտելով եւ դուռ բացելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար՝ Փաշինյանը մոլորակի այս անկյունին շանս տվեց դառնալ համագործակցության տարածք, այլ ոչ թե սառեցված հակամարտությունների ու փակ սահմանների կուտակում։
Հայաստանը միակ փոքր երկիրը չէ տարածաշրջանում, որը հույս է ներշնչում։ Տարիներ շարունակ Վրաստանը պաշտպանել է ավելի լավ հարեւանության գաղափարը եւ հանդիսացել հետխորհրդային փոխակերպումների փարոս՝ հետեւողական ու գիտակցված իր եվրոպական, ժողովրդավարական ընտրության մեջ՝ նույնիսկ Մոսկվայի կողմից ամենակոշտ ճնշումների պայմաններում։
Վրաստանը երբեք չի կասկածել, թե որն է իր տեղը, եւ իր ընտրությանը համապատասխան ենթակառուցվածքներ է կառուցել՝ BTC եւ TANAP գազատարները, Ադրբեջանից Թուրքիա ձգվող ԲՏԿ երկաթգիծը, առեւտրային միջանցքները։ Այս ամենը աշխարհագրական պատահականություն չէ, այլ գիտակցված քաղաքական որոշումների, տարիների ընթացքում կուտակված վստահության եւ Վրաստանում կատարված արեւմտյան հսկայական ներդրումների արդյունք։
Սակայն այսօր այդ հիմքերը խարխլում է «Վրացական երազանք» կառավարությունը, որը իշխանության է եկել 2012 թվականին եւ այդ ժամանակից ի վեր մեթոդաբար ոչնչացնում է նախորդ տարիների ժողովրդավարական ու դիվանագիտական ձեռքբերումները՝ հանուն իշխանությունը պահելու։
Ադրբեջանի հետ կարգավորմանն ուղղված ամերիկյան կուրսը՝ ներառյալ TRIPP տրանսպորտային միջանցքը, հայաստանյան ընտրություններից հետո իր ողջ հեռանկարայնությամբ հանդերձ, բախվում է կառուցվածքային խնդրի. Վրաստանը փաստացիորեն դուրս է մնացել այս համատեքստից։ Նման բացթողում իրեն չի կարող թույլ տալ ոչ մի լուրջ ռազմավարություն. փոխկապակցվածությամբ ամրացված տարածաշրջանը հնարավոր չէ կայունացնել մի գործարքով, որը ներառում է դրա միայն մի մասը։
Արդյո՞ք Վաշինգտոնը հասկանում է, որ Հարավային Կովկասը փազլ է, եւ Վրաստանը դրան առանցքային տարր է։ Եթե հասկանում է, ապա Վաշինգտոնն ունի Թբիլիսիի վրա ազդեցության լուրջ լծակներ՝ շատ ավելի մեծ կշիռ ունեցող, քան որեւէ մեկը։ Հետեւողականորեն եւ նպատակաուղղված կերպով կիրառվելու դեպքում դրանք կարող են Վրաստանին վերադարձնել այն ուղի, որից նա չպետք է շեղվեր։
Կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն. Վրաստանը կարելի է շրջանցել, չէ՞ որ Հայաստանը նույնպես սահմանակից է եւ՛ Թուրքիային, եւ՛ Ադրբեջանին։ Սակայն ցանկացած շրջանցիկ ուղի զգալիորեն ավելի թանկ կարժենա՝ ժամանակի, փողի եւ քաղաքական կապիտալի առումով։ Ավելի խելամիտ է Վրաստանը դիտարկել որպես կենտրոնական խաղացող, որից կախված է տարածաշրջանային ճարտարապետության գործունակությունը։
«Վրացական երազանքի» կառավարությունը հիանալի հասկանում է այս տրամաբանությունը եւ խաղարկում է սեփական խաղաքարտը՝ խորացնելով կապերը Չինաստանի հետ։ Հրապարակայնորեն մեծարելով Պեկինի հետ գործընկերությունը՝ Թբիլիսին ձգտում է ազդանշան հղել Վաշինգտոնին։ Չինական խաղաքարտը ծառայում է որպես ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու լծակ եւ ապացույց այն բանի, որ Ամերիկայի հեռացման դեպքում Վրաստանն այլ ազդեցիկ գործընկերներ կունենա։
Սակայն Թբիլիսին գիտի՝ դեպի կայունություն տանող ճանապարհն անցնում է Վաշինգտոնով, եւ այդ ճանապարհի պայմանները հայտնի են. ժողովրդավարական կառավարում, օրենքի գերակայություն եւ վերադարձ դեպի եվրոատլանտյան կուրս։
Վաշինգտոնը նույնպես դա հասկանում է. նա միակ խաղացողն է, որն օժտված է անհրաժեշտ գործիքակազմով։ Եվրոպական միությունն ունի ազդեցություն, բայց նա արդեն մերժում է ստացել անդամակցության հարցում եւ հարկադրանքի կոշտ լծակներ չունի։ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի անկայունությամբ։ Իրանը հետապնդում է սեփական տարածաշրջանային շահերը, բայց ի վիճակի չէ որեւէ բան առաջարկել մի երկրի, որի հասարակությունն անկեղծորեն ձգտում է դեպի Եվրոպա։ Չինաստանը կարող է առաջարկել ներդրումներ եւ քաղաքական հաճոյախոսություններ, բայց ոչ անվտանգություն եւ ոչ էլ այն ապագան, որի օգտին քվեարկել են վրացիները։
Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասի համար այնպիսի գործարք կնքել, որը գործունակ կլինի եւ չի փլուզվի իրականության հետ առերեսվելիս։ Վրաստանում ժողովրդավարական կայունության ապահովումը այդ նպատակին հասնելու ամենաուղիղ ճանապարհն է։
Հարավային Կովկասը խաղաղության նախաձեռնություններ տեսել է նաեւ նախկինում։ Դրանք ուղեկցվում էին գագաթնաժողովներով, շրջանակային համաձայնագրերով ու զգուշավոր լավատեսությամբ, իսկ հետո ձախողվում էին։ Բայց այսօր ամեն ինչ այլ է։ Տարածաշրջանում առաջին անգամ հայտնվել է մի առաջնորդ, որը գնում է իրական տրանսֆորմացիայի եւ ստացել է ժողովրդավարական մանդատ։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից շոշափելի աջակցության պայմաններում՝ ի հեճուկս ընդդիմությանը ցուցաբերված ռուսական աջակցության։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment