ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը և հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի կողմից պաշտոնական արձագանք չկա։
«Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից։ Այսինքն՝ արձագանքելու կարիք չենք տեսնում»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմի հետ հանդիպում լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նախատեսված հանդիպում չի եղել։ «Առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված օր։ Համենայնդեպս, համոզված եմ՝ առաջիկայում կլինի հանդիպում»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հուլիսի 4-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ է անցկացվելու, որին վարչապետերն են մասնակցելու։ Հարցին, թե ՌԴ վարչապետի հետ կքննարկի՞ պատժամիջոցների հարցերը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Պատժամիջոց բառը ճիշտ չէ, պատժամիջոց չկա և չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար, կքննարկենք»։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ազդեցություն են թողել ՀՀ տնտեսության վրա ՌԴ սահմանափակումները, ասաց․ «Փաստն այն է, որ այս պահի դրությամբ մենք ունենք 11 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»։
Հարցին, թե Եվրամիության աջակցությունը շարունակակա՞ն է լինելու, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եվրամիության հանձնաժողովի նախագահը կգա, կքննարկենք, եզրակացությունները կանենք և կասենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: