Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Ֆեյսբուքում կոպիտ, անթույլատրելի բառապաշար օգտագործելու համար մեկին, կոնկրետ այս դեպքում՝ Արթուր Դանիելյանին, կալանավորում են, որովհետեւ նրա խոսքը իշխանությունների ու Փաշինյանի հասցեին քննադատություն է, իսկ նույն որակի կամ էլ ավելի կոշտ բառապաշար օգտագործող իշխանավորներին ու իշխանության աջակիցներին՝ ոչ։
Ինքը՝ Փաշինյանն, իր խոսքում սահմաններ չի ճանաչում։ Զազրախոսում է, սպառնում է, հայհոյում է։ Հայհոյախոսությունը նորություն չէ, այսօր, բայց, այն, գլխավորապես իշխանավորների ջանքերով, իր «բարձրության» վրա է։
Եթե մեկին դա չի կարելի, եթե մեկին դրա համար պետք է կալանավորեն ու դատապարտեն, ապա մյուսին եւս դա պետք է արգելված լինի։ Մյուսն էլ պետք է կալանավորվի ու դատապարտվի։ Արդարադատությունն այդպես պետք է աշխատի։ Իսկ մենք ընտրովի արդարադատության ենք տեսնում։
Որովհետեւ Փաշինյանն իր էությամբ, կառավարման մասին, երկրի ու պետության մասին իր պատկերացումներով, մարդու իրավունքների նկատմամբ իր քամահրական վերաբերմունքով իր նախորդներին չի զիջում ոչնչով։ Նա իր սեփական, իրեն ծառայող, իր շահերը սպասարկող ուժային կառույցներ է կերտում, իր հրահանգները կատարող արդարադատություն է ցանկանում ունենալ։ Չլիներ նա այսպիսին՝ կարճ ժամանակում, շատ կարճ ժամանակում կունենայինք ընդունելի ուժային կառույցներ ու հարգանքի արժանի արդարադատություն։ Ծիծաղելի են բացատրությունները, թե դրա համար ժամանակ է պետք։ Ութ տարի է՝ սա ենք լսում։ Դրա համար ոչ թե ժամանակ, այլ ժողովրդավար լինել է պետք ու քաղաքական կամք է պետք։ Իսկ Փաշինյանը ժողովրդավար չէ բոլորովին։
Նա Քոչարյանի հիմնած դպրոցի գերազանցիկ շրջանավարտ է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: