«Ամեն սերունդ ազգի պատմագրքին մի նոր էջ է ավելացնում, բայց կարևորն այն է, թե հետո ազգն այդ էջը կուզենա մոռացության մատնել, կամ ոչնչացնել, թե մեր պատմագրքի տիտղոսաթերթ կդարձնի»։
Գ․ Գինոսյան
2024 թ․ փետրվարի 6-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեծ հայ, ազգագրական պարերի գիտակ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հասարակական, ազգային գործիչ, Արցախյան գոյամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Սակայն նա հավերժ է մնալու երկնային կյանքում, մեր ժողովրդի հիշողությունում՝ կատարած մեծ աշխատանքի, նվիրումի համար։
2001 թ․ հիմնադրել էր «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։ Ուսումնասիրել և վերականգնել է 36 պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին»-ը։
Գինոսյանի մահվան 2-րդ տարելիցին մարդաշատ էր Հայոց ամենասուրբ վայրում՝ Եռաբլուրում գտնվող նրա շիրմաքարի մոտ։ Այստեղ էին հարազատները, սաները, մարտական ընկերները, մտերիմ-բարեկամները, պարարվեստի շատ սիրահարներ, դպրոցականներ։
Մեծ հայի ոգեկոչման արարողությունը սկսվեց Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու բակից։
Հայոց ավանդական զուռնայի ու թմբուկների հնչյուններն ազդարարեցին հիշատակի արարողությունը։ Ներկաներից շատերը Գագիկի շիրմաքարի մոտ նրա սովորեցրած «Կարնո քոչարին» պարեցին։
Արմատներով Կարին քաղաքի մոտակա Եղեգիս գյուղաքաղաքից է Գինոսյանը։ 1828–30 թվականներին Կարապետ Բագրատունի սրբազանի առաջնորդությամբ Էրզրումից և շրջակա հարյուրավոր գյուղերից մոտ 50 000 հայ գաղթել և բնակություն է հաստատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Լոռի-Փամբակում և Շորագյալում։ Նախկին իլիջեցիները, այդ թվում՝ Գինոսենց տոհմը, հաստատվում են Ախալցխայի Ծուղրութ գյուղում։
Գագիկը ծնվել է 1966 թ․ օգոստոսի 3-ին՝ Ախալցխա քաղաքում։ 1972 թ․ ընդունվել է, 1982-ին ավարտել Ախալցխայի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը։ 1990-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը։
Հայկական ռազմական «Յարխուշտա» պարը, որ գալիս է մեր ժողովրդի վաղ անցյալից և այժմ տարածված է հիմնականում Գագիկ Գինոսյանի շնորհիվ, բնական է՝ մեծ ոգևորությամբ կատարվեց Եռաբլուրում։ Այնուհետև Եռաբլուրի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր սպասավոր, Դադիվանքի երկար տարիների վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Գինոսյանի շիրմաքարի մոտ կատարեց հոգեհանգստյան արարողություն՝ սկսելով Տերունական աղոթքով, ավարտելով խնկարկմամբ։
Ոգեկոչման իր խոսքում ասաց․ «Շնորհակալ եմ, որ Գինոսյանի ոգին բարձր եք պահում։ Նա երկնքից նայում է այս ամենը և ուրախանում։ Խնդրում եմ՝ չթողնեք երբեք, որ չարն ուրախանա։ Մարդ մեռնում է միայն այն ժամանակ, երբ նրան հիշողներ չեն լինում։ Եվ հավատում եմ՝ Գինոսյանը երկար է մնալու մեր հիշողության մեջ»։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Գագիկի շիրմաքարին, խնկարկեցին։
Երբ կար Արցախը, կար Քաշաթաղը, որտեղ բնակվում էի, հաճախ էի այնտեղ հանդիպում նվիրյալ մտավորականների, ովքեր գալիս էին մասնակիցը լինելու քաշաթաղցիների տոներին, տարբեր արարողությունների։ Քաշաթաղում էր հաճախ նաև «Կարին»-ը՝ Գագիկի գլխավորությամբ։
2013 թ․ ապրիլի 27-ին «Կարին»-ը Կովսականում էր։ Քաշաթաղի շրջանի հարավային կենտրոն Կովսական քաղաքի միջնակարգ դպրոցը կոչվում էր Թաթուլ Կրպեյանի անունով։ Հերոսի ծննդյան օրը նշվեց մեծ շուքով։ Գագիկի գլխավորությամբ «Կարին»-ը հայկական ազգագրական մի քանի պարերի կատարումով ոգևորեց կովսականցիներին, հյուրերին։ Ռազմահայրենասիրական, ազգագրական երգերով հանդես եկան նաև երգիչներ Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Լեյլա Սարիբեկյանը, Աղասի Իսպիրյանը, երջանկահիշատակ Մկրտիչ Մկրտչյանը՝ Մակիչը, այլոք։ Ներկա էին նաև Թաթուլի կինը և դուստրը։
2017 թ․ մարտի 20-ին Բերձորում «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ի նախագահ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ, ԵՊՀ ուսանողների, բերձորցի աշակերտների և այլոց մասնակցությամբ, հիմնվեց ազգային մեծ գործիչ, Արցախյան գոյամարտի հզոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին նվիրված պուրակը և հուշաքարը՝ «Սա Հայաստան է, և վերջ» արձանագրությամբ։ Այս անգամ էլ ներկաներին իրենց ռազմահայրենասիրական պարերով ոգևորում էին կարինցիները։ Յուրաքանչյուր ծառ տնկելուց հետո տնկու շուրջ պար էին բռնում Գագիկն ու իր խմբի անդամները, այդ թվում նաև երջանկահիշատակ Հարություն Ստեփանյանը, որը հերոսաբար մարտիրոսվեց 44-օրյա պատերազմում՝ 3 զինակից ընկերների հետ։
2019 թ․ մայիսի 9-ին Շուշիում բացվեց Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարանը։ Ներկա էին հերոսի մայրը, հարազատները, մարտական ընկերները, Արցախի ՊԲ բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ։ Օրվան համահունչ՝ կրկին ելույթ ունեցավ «Կարին»-ը՝ Գագիկի առաջնորդությամբ։
2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո էլ, երբ տեղահանվեցի Բերձորից ու արդեն Երևանում էի բնակվում, հաճախ էի հանդիպում Գագիկին, ներկա լինում նրա կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների։ Վերջին անգամ հանդիպեցինք 2024 թ․ հունվարի 6-ին Երևանում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: