Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբանների կողմից ներակայացված խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինեց տնային կալանքով և բացակայելու արգելքով, ինչը ենթադրում է, որ արգելված է հյուրեր ընդունելը, հեռախոսային խոսակցությունները, նամակագրություն կատարելը ու պատարագների մասնակցելը։
Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի։
Հասկանալու համար, թե ո՞րն է պատճառը, որ Սրբազան հորն արգելում են մասնակցել պատարագտների, MediaHub-ը զրուցեց փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ այդ մասով որոշումը դատարանը ներկայացնելու է հաջորդ դատական նիստին։
«Դատական կազմը հայտարարեց, թե տնային կալանքի պայմաններում պատարագների մասնակցել չի նախատեսվում, և որոշվեց, որ նախ պետք է ուսումնասիրել դատական պրակտիկան և ի վերջո որոշում կայացնել»,- ասաց Մարինե Ֆարմանյանը։
Նշենք, որ նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի առողջական վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը և վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։
Արքեպիսկոպոսն ունի առողջական խնդիրներ և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ, այլ՝ ճնշում խոսքի ազատության նկատմամբ։
Էմմա Մարտիրոսյան