«Վրաստանում 12 տարի պայքարեցին,անցյալ տարի այնտեղ դարձավ առանձին օղակ՝ սպորտի նախարարություն, իսկ մենք այնքան թուլացանք, որ հասանք չորս նախարարության կազմին»․ Դերենիկ Գաբրիելյան

«Եղել է սպորտի նախարարություն, սպորտկոմիտե` կառավարությանը կից, ոչ թե, կներեք, չորս նախարարության կազմում ինչ-որ մի օղակ, որն իսկապես դժվարանում է ամեն ինչ տանել առաջ՝ հատկապես ֆիզկուլտուրայի ու սպորտի համար»,- Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

Նրա համոզմամբ՝ սպորտը պետք է լինի առանձին օղակ, որ կարողանան իրենց ծրագրերը տանել առաջ․ «Հիմա մենք դարձել ենք վինեգրետի նման մի բան՝ մեջն ինչ ասես՝ կա։ Դրանից մեկն ենք։ Շատ ժամանակ պետական մարմիններն էլ չորս նախարարության անունը հնչեցնելիս սպորտի անունը չեն տալիս, քանի որ վերջում է։ Կուզեի միասին դիմեինք ոչ թե նույն նախարարությանը, որը հարց լուծող չէ, այլ կառավարությանը, ԱԺ-ին, օրենքում փոփոխություն կատարենք, որ կարողանանք հասնել մեր նպատակին։ Վրաստանում 12 տարի պայքարել են, և վերջապես անցյալ տարի այնտեղ դարձավ առանձին օղակ՝ սպորտի նախարարություն։ Իսկ մենք այնքան թուլացանք, որ հասանք չորս նախարարության կազմին։ Համարում եմ, որ սա ճիշտ չէ»։

Դերենիկ Գաբրիելյանի կարծիքով՝ ֆեդերացիաները դժվարություններով, բայց կամաց-կամաց կայանում են։ Նա առանձնացրեց նաև միջազգային չափանիշներին համապատասխան դահլիճներ չունենալու խնդիրը, ինչի պատճառով ՀՀ-ում չեն կարողանում մեծ մրցաշարեր կազմակերպել։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունից ևս հրավիրվել էին ներկայացուցիչներ, սակայն նրանք չէին մասնակցում քննարկմանը։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment