Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. երկրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության համար ԿԸՀ դիմելու դեպքին։

 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

 

 

«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:

ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:

Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել: Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյան 16.06.2026թ.»։

Leave a comment