Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր կայացավ Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։
Բացմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը պաշտոնական արարողության ընթացքում ողջունեց մասնակից երկրների մարզիկներին ու մաղթեց հաջողություն։
Բացման մեկնարկից անմիջապես հետո մեկնարկեցին առաջին տուրի հանդիպումները։ Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին։ Մենախաղում հաղթանակ տարան Դավիթ Պողոսյանն ու Միքայել Ավանեսյանը, իսկ զուգախաղում՝ Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ Հունիսի 17-ին կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սան Մարինոյի հավաքականի հետ։