Առանց մուտքի վիզայի կգան Հայաստան

Քաղաքականություն

Առանց մուտքի վիզայի կգան Հայաստան

Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ կսահմանվի Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ եւ Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ կրող անձանց համար։  

Ներկայումս ՄԱԿ եւ ԵՄ կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ կրող անձանց համար գործում է ՀՀ մուտքի վիզային ռեժիմ։ Նախագիծը կքննարկվի վաղվա` գործադիր մարմնի նիստում։ 

Նշված ճամփորդական փաստաթղթերը տրամադրվում են ՄԱԿ եւ ԵՄ կառույցներում պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ճամփորդելու նպատակով։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր։ Նշված տեսակի ճամփորդական փաստաթղթեր կրող անձինք ՀՀ այցելելու համար ստանում են դիվանագիտական կամ ծառայողական տեսակի անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։

2025թ. հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է:

Բացի այդ, 2026թ. Հայաստանի Հանրապետությունում նախատեսված COP17 համաժողովի անցկացմանն ընդառաջ ակնկալվում է ԵՄ եւ ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների՝ ՀՀ այցերի հաճախակիացում:

Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել եւ գտնվել Հայաստանի տարածքում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով։

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: 

 

 

Leave a comment