ԱԺԲ-ն չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ հայտարարություն

Քաղաքականություն
Պաշտոնական

ԱԺԲ-ն չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ 

 

«Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին․ 

 

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շինծու արդյունքները։

 

Այսպես կոչված՝ «ընտրություններն» անցել են տոտալ ընտրակեղծիքների, համատարած զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ ու բացահայտ խախտումները, ընտրատեղամասերում իրականացված ապօրինությունները զրկել են Հայաստանի քաղաքացուն ազատ կամարտահայտման հնարավորությունից։

Հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Ուստի, Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարում է.

Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։

Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։
Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Սահմանադրական դատարանը, ինչպես և ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։
Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը շարունակում է իր անզիջում պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կերտման»։

Leave a comment