Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետը «քաղաքական լրտեսության» մեջ է մեղադրվում

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ թուրք դատախազները մեղադրանք են առաջադրել բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ու ևս երեք անձի «քաղաքական լրտեսության» համար։ Քրեական գործ է հարուցվել, որը մինչև 20 տարի ազատազրկման պատիժ է նախատեսում, գրում է Turkish Minute-ը։

Մեղադրական եզրակացությունը վերաբերում է Իմամօղլուին, նրա նախկին խորհրդական Նեջաթի Օզքանին, լրագրող Մերդան Յանարդաղին և գործարար Հուսեյն Գյունին: Պետական ​​«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ մեղադրողները յուրաքանչյուր կասկածյալի համար պահանջում են 15-ից 20 տարվա ազատազրկում։

2025 թվականի հոկտեմբերին սկսված հետաքննությունը կենտրոնանում է այն պնդումների վրա, որ Ստամբուլի քաղաքապետարանի «İstanbul Senin» (Ստամբուլը քոնն է) թվային քաղաքային հարթակի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալները, որը Ստամբուլի քաղաքապետարանի կողմից 2021 թվականին ներդրվել է բջջային հավելվածում, արտահոսել են արտասահման և վաճառքի են հանվել մութ ցանցում։ Գործի մասին հայտարարության մեջ դատախազությունը նշել է, որ չորսին մեղադրանք է առաջադրվել «քաղաքական լրտեսության» համար, և որ մեղադրական եզրակացությունը ներկայացվել է Ստամբուլի 25-րդ Բարձրագույն քրեական դատարան՝ վերանայման համար։

Ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) 2028 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Իմամօղլուն ավելի քան 10 ամիս է՝ բանտարկված է։ Նա ձերբակալվել է մարտին Ստամբուլի քաղաքապետարանի դեմ ուղղված առանձին կոռուպցիոն հետաքննության շրջանակում, իսկ ավելի ուշ հեռացվել է պաշտոնից։

Լրտեսության հետաքննությունը պնդում է, որ «İstanbul Senin» հարթակի 4,7 միլիոն օգտատերերի տվյալները փոխանցվել են օտար պետություններին։ Մեղադրական եզրակացությունը վերաբերում է 2019-ից 2025 թվականների ենթադրյալ հանցագործության ժամանակահատվածին։

Դատախազները Իմամօղլուին մեղադրել են նաև Գյունի հետ կապերի մեջ, որը, նրանց պնդմամբ, կապեր ունի Իսրայելի, արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և Գյուլենական շարժման հետ․ մեղադրանքներ, որոնք անկախ կերպով չեն հաստատվել։

Քննադատները նշում են, որ Իմամօղլուի դեմ հարուցված հաջորդական դատական ​​գործերը նպատակ ունեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենաակնառու քաղաքական մրցակցին մեկուսացնել հաջորդ համազգային ընտրություններից առաջ։ Կառավարությունը հերքում է դատական ​​գործընթացին քաղաքական միջամտությունը։

Դատարանն այժմ կորոշի՝ ընդունել մեղադրանքը և անցնել դատավարությա՞ն, թե՞ ոչ։

Անցյալ տարվա նոյեմբերին էլ Իմամօղլուին հսկայական հանցավոր ցանց ղեկավարելու և 142 հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, որոնց համար, ընդհանուր առմամբ, մինչև 2430 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Գրեթե 4000 էջանոց մեղադրական եզրակացությունը Իմամօղլուին մեղադրում է հանցավոր կազմակերպության ղեկավարման, կաշառակերության, յուրացման, փողերի լվացման, շորթման և մրցույթների կեղծման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment