ԱԱ-2026․ մեծ եկամուտներ, բայց ոչ բոլորի համար

William Blair ընկերության զեկույցի համաձայն՝ FIFA-ի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը պետք է ապահովի զբոսաշրջային և հյուրանոցային ծախսերի չափավոր աճ Հյուսիսային Ամերիկայում։

Մրցաշարը կմեկնարկի հունիսի 11-ին և համատեղ կհյուրընկալվի երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի կողմից։

Առաջնությանը կմասնակցի ռեկորդային 48 հավաքական, կանցկացվի 104 հանդիպում:

William Blair-ի գնահատմամբ՝ մրցաշարից ամենամեծ օգուտը կստանան հանգստի, հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտներում գործող ընկերությունները։

Վերլուծաբանները նշում են, որ սպորտային միջոցառումների այցելությունների հետ կապված ծախսերը շարունակում են բարձր մնալ համավարակից հետո, ինչը նպաստում է պահանջարկի պահպանմանը աշխարհի առաջնության նախաշեմին։

2025 թվականի FIFA-ի ակումբային աշխարհի առաջնության տվյալները ցույց են տվել, որ մարզադաշտերին հարակից տարածքներում ծախսերը մրցաշարի ընթացքում տարեկան կտրվածքով աճել են մոտ 7%-ով, հիմնականում ռեստորաններում և բարերում կատարված ծախսերի հաշվին։

Զեկույցում նշվում է, որ ամենամեծ տնտեսական օգուտը կարող են ստանալ այն քաղաքները, որոնք սովորաբար մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ չեն ընդունում։

Մյուս կողմից, խոշոր զբոսաշրջային կենտրոններում, ինչպիսիք են Նյու Յորքն ու Մայամին, աշխարհի առաջնության այցելուները կարող են պարզապես փոխարինել արդեն գոյություն ունեցող զբոսաշրջային հոսքին՝ առանց ընդհանուր այցելությունների թվի էական աճի։

William Blair-ը ուշադրություն է հրավիրել նաև տոմսերի գնագոյացման հարցին։

FIFA-ի կողմից կիրառվող դինամիկ գնագոյացման համակարգը հանգեցրել է նրան, որ որոշ հանդիպումների տոմսերի արժեքը հասել է ռեկորդային մակարդակի։ Սակայն վերջին շրջանում մի շարք խաղերի տոմսերի գները նվազեցվել են՝ վաճառքների դանդաղման պատճառով։

Միջազգային զբոսաշրջությունը շարունակում է մնալ կարևոր անորոշ գործոն։

Զեկույցում ներկայացված հյուրանոցային ոլորտի հարցումների տվյալները վկայում են, որ որոշ ընդունող քաղաքներում ամրագրումների ակտիվությունը սպասվածից ցածր է։

Հնարավոր խոչընդոտների շարքում նշվում են վիզաների ձևակերպման ժամկետները, ճանապարհորդության բարձր արժեքը, մուտքի պահանջները։

Վերլուծաբանները նշում են նաև, որ աշխարհի առաջնությունը կարող է ազդել ֆինանսական շուկաների վրա։

Պատմական տվյալները ցույց են տալիս, որ աշխարհի առաջնության հանդիպումների ընթացքում ֆոնդային շուկաներում առևտրի ծավալները սովորաբար նվազում են հատկապես այն երկրներում, որտեղ ֆուտբոլը մեծ ժողովրդականություն ունի։

William Blair-ի ուսումնասիրության համաձայն՝ աշխարհի առաջնության հաղթող երկրները պատմականորեն մրցաշարի եզրափակչից հետո մեկ ամսվա ընթացքում միջինում 5.5%-ով գերազանցել են համաշխարհային կապիտալի շուկաների ցուցանիշները։

Միևնույն ժամանակ, հյուրընկալող երկրները սովորաբար ավելի լավ շուկայական արդյունքներ են ցուցադրել մրցաշարից առաջ և դրա ընթացքում, քան դրա ավարտից հետո։

Վերլուծաբանների եզրակացությամբ՝ ԱԱ-2026ը, ամենայն հավանականությամբ, էական ազդեցություն չի ունենա ընդհանուր տնտեսական աճի վրա։

Սակայն այն պետք է ապահովի զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, սննդի և ժամանցի ոլորտների ժամանակավոր աշխուժացում ընդունող երկրներում՝ ստեղծելով լրացուցիչ եկամուտներ և բիզնես ակտիվություն մրցաշարի ընթացքում։

Leave a comment