Թրամփը չի բացառել, որ 2028 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների անսպասելի թեկնածուներ ի հայտ կգան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Հանրապետական կուսակցությունը 2028 թվականի նախագահական ընտրություններում կարող է անսպասելի թեկնածուներ ունենալ։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի հեռախոսային հարցազրույցում՝ մեկնաբանելով պետության ղեկավարի պաշտոնում իր հնարավոր իրավահաջորդների հարցը։
«Հանրապետական կուսակցությունում քիչ չեն մարդիկ, որոնք կարող են շատ լավ թեկնածուներ դառնալ։ Ակնհայտ է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Մարկո Ռուբիոն շատ սիրված են։ Նրանք հիանալի են կատարում իրենց աշխատանքը։ Բայց կարող են ի հայտ գալ նաև անսպասելի դեմքեր։ Մենք շատ ընդունակ մարդիկ ունենք», — ասել է Թրամփը։
Վենսը զբաղեցնում է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, իսկ Ռուբիոն ղեկավարում է պետդեպարտամենտը։ Երկուսն էլ համարվում են 2028 թվականի ընտրություններում հանրապետականների կողմից առաջադրվելու հավանական հավակնորդներ։