Մարդու հոգևոր հասունությունը բացահայտվում է Աստծո և մերձավորի հանդեպ ունեցած նրա վերաբերմունքով․ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․

«Մեծացուսցէ անձն իմ զՏէր, եւ ցնծասցէ հոգի իմ յԱստուած փրկիչ իմ»։

«Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը, և իմ հոգին պիտի ցնծա իմ Փրկիչ Աստծով»

(Ղուկ. Ա 46-47)։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր մեր Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի՝ տաճարին ընծայման հիշարժան տոնը։ Մանկահասակ Մարիամը ծնողների՝ Հովակիմի և Աննայի ուղեկցությամբ ընծայվում է Աստծու Տաճարին՝ իր կյանքը Տիրոջը նվիրաբերելու համար։ Այս տոնի խորհուրդը բացահայտում է հոգևոր մի ճշմարտություն․ Աստծուն ընծայված մարդն ինքն է դառնում նրա ներկայության կենդանի բնակարանը։

Մարիամը, հնազանդվելով Աստծու կամքին և ողջ էությամբ նվիրվելով նրան, դառնում է կենդանի Տաճար, որի մեջ բնակվում է Աստծու անձնավորված Խոսքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Նրա կյանքը վկայում է, որ Աստծուն ընծայվելը նշանակում է սիրտը բացել նրա շնորհի առջև և սեփական կյանքը դարձնել նրա կամքի իրականացման միջոց։

Սիրելի՛ հավատացյալներ,

Ավետարանի այսօրվա ընթերցումը մեզ ներկայացնում է Մարիամին արդեն Տաճարից դուրս՝ ճանապարհին։ Նա շտապում է այցելելու իր ազգական Եղիսաբեթին։ Աստծուն ընծայված Կույսը ճանապարհ է ընկնում դեպի մարդը։ Իր մեջ կրելով Աստծու շնորհը՝ նա այն դարձնում է սիրո և հոգատարության գործ։

Ահա՛ ճշմարիտ ընծայման խորհուրդը․ Աստծուն նվիրաբերված կյանքը չի փակվում սեփական աշխարհի մեջ, այլ բացվում է մերձավորի առջև։ Աղոթքը մեզ զորացնում է սիրելու, հավատքը՝ պատասխանատվություն ստանձնելու, իսկ Աստծու հետ հանդիպումը՝ ուրիշի ցավն ու ուրախությունը մեր սրտում կրելու։

Երբ Մարիամը ողջունում է Եղիսաբեթին, վերջինիս որովայնում մանուկը՝ Հովհաննես Մկրտիչը, ցնծությամբ խաղում է։ Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթը օրհնությամբ դիմավորում է Մարիամին՝ ասելով. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկ. Ա 42)։

Այս հանդիպման մեջ բացահայտվում է Քրիստոսի ներկայության զորությունը։ Մարիամն իր հետ բերում է Քրիստոսին, և նրա ներկայությունը ցնծություն է առաջացնում։ Սա նաև մեր քրիստոնեական կոչումն է․ մեր մեջ կրելով Քրիստոսին՝ Նրան պիտի տանենք մարդկանց։ Մեր խոսքը թող մխիթարություն լինի, մեր ներկայությունը՝ զորակցություն, մեր գործերը՝ սիրո վկայություն։ Այն մարդը, որի սրտում բնակվում է Քրիստոս, իր շուրջը հույս է սփռում և ուրիշների համար դառնում Աստծու բարության նշանը։

Եղիսաբեթի օրհնությանը Մարիամը պատասխանում է իր սքանչելի օրհներգով՝ «Մեծացուսցէ անձն իմ զՏէր»։ Այս խոսքերը խոնարհ սրտի խոստովանությունն են, որ իր կյանքում կատարվող մեծագույն իրադարձության հեղինակը Աստված է։ Մարիամն ասում է. «Նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհությանը» (Ղուկ. Ա 48)։ Մարիամի հոգևոր մեծությունը հենց այս խոնարհության մեջ է։ Նա Աստծու շնորհը սեփական արժանիքը չի համարում, այլ իր ամբողջ կյանքով փառաբանում է նրան։ Աստվածամոր օրինակը մեզ սովորեցնում է, որ ճշմարիտ մեծությունը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը գիտակցում է Աստծու ներկայությունն իր կյանքում և իր շնորհները ծառայեցնում նրա փառքին ու մարդկանց բարօրությանը։

«Մեծացուսցէ»-ի մեջ Մարիամը հռչակում է նաև Աստծու փրկարար արդարությունը․ նա բարձրացնում է խոնարհներին, բարիքներով լիացնում քաղցածներին, ողորմություն անում իրենից երկյուղածներին և հավատարիմ մնում իր խոստումներին։ Աստծու արքայության մեջ մեծությունը չափվում է խոնարհությամբ, զորությունը՝ սիրով, իսկ փառքը՝ ծառայությամբ։

Սիրելի՛ հավատացյալներ,

Այս պատգամը վերաբերում է նաև մեզ։ Մենք կարող ենք ձգտել մասնագիտական հաջողությունների, դիրքի ու ճանաչման, սակայն մարդու հոգևոր հասունությունը բացահայտվում է նրա՝ Աստծու և մերձավորի հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Խոնարհ սիրտը տեղ է տալիս Աստծուն, իսկ Աստծուն բացված սիրտը երբեք անտարբեր չի մնում մարդու կարիքների հանդեպ։

Այսօր այս պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցում առանձնահատուկ պատասխանատվություն ունենք։ Այս աղոթավայրը մեր ներկայի հոգևոր կյանքի և ապագա սերունդների հավատքի համար Աստծու հրավերն է։ Նրա դռները բաց են, խորանի լույսը վառվում է, և Սուրբ Պատարագի աղոթքը շարունակվում է բարձրանալ առ Աստված։

Սիրելի՛ շահումյանցիներ,

եկեղեցին կենդանի է դառնում ձեր աղոթքով, ներկայությամբ և մասնակցությամբ։ Սուրբ Պատարագը մեր հանդիպումն է կենդանի Քրիստոսի հետ, մեր միասնության աղբյուրը և հոգևոր կյանքի սիրտը։ Եկե՛ք Աստծու Տուն, ձեր երեխաներին ևս բերեք այստեղ, սովորեցրեք նրանց աղոթել, ճանաչել Քրիստոսին և սիրել Եկեղեցին։ Այսպես ձեր ընտանիքներում հավատքը կդառնա ժառանգություն, իսկ համայնքում՝ միասնության և փոխադարձ հոգատարության հիմք։

Այս առիթով մեր գնահատանքն ու երախտագիտությունն ենք հայտնում Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանին՝ իր նվիրական ծառայության և համայնքի հոգևոր խնամքի համար։

Մեր շնորհակալությունը եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին, որոնք իրենց նյութական զոհողությամբ, աշխատանքով, սրտացավությամբ և աղոթքով նպաստում են այս սրբավայրի պահպանմանն ու բարեկարգմանը։ Ձեր նվիրումը ոչ միայն եկեղեցու շինությանն ու շենացմանն է ծառայում, այլև ձեր հավատքի և հոգևոր պատասխանատվության վկայությունն է։

Սիրելի՛ ուխտավորներ,

Սուրբ Աստվածածնի օրինակից սովորենք մեր կյանքն ընծայել Աստծուն, մեր սրտում ընդունել նրա Խոսքը և մեր ճանապարհը բացել դեպի մերձավորը։ Թող մեր հավատքը չսահմանափակվի միայն եկեղեցու պատերի ներսում, այլ շարունակվի մեր ընտանիքում, մեր համայնքում և մեր հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության մեջ։

Թող մեր կյանքն էլ դառնա Աստծուն փառաբանող օրհներգ, ինչպես Մարիամի կյանքը, որպեսզի մեր միջոցով ևս մարդիկ ճանաչեն Աստծու սերը, գտնեն հույս և զորանան հավատքի մեջ։

Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ թող Տերը օրհնի Շահումյան գյուղը, նրա բնակիչներին, հոգևոր սպասավորին, բոլոր նվիրյալներին և հավատացյալ ժողովրդին։

Եվ թող մեր սրտերում ու կյանքում մշտապես հնչի Աստվածամոր օրհներգը. «Մեծացուսցէ անձն իմ զՏէր, եւ ցնծասցէ հոգի իմ յԱստուած փրկիչ իմ»․ ամեն։

Leave a comment