Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կառույցներին և դեսպանատներին՝ արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի կալանավորման հարցով՝ բարձրաձայնելով հետապնդման հնարավոր քաղաքական դրդապատճառների մասին։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տարածած դիմումին միացել են ավելի քան 50 հասարակական կազմակերպություններ և հանրային գործիչներ, ովքեր մտահոգություն են հայտնել գործչի նկատմամբ կիրառված խափանման միջոցի առնչությամբ։ Իրավապաշտպանները խիստ անհամաչափ են համարում երկամսյա նախնական կալանքը, տեսակցությունների ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցության բացարձակ արգելքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Օսիպյանը կալանավայրում հացադուլ է իրականացնում։
Ըստ հայտարարության հեղինակների՝ ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է ներկայացնում երկրում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմակարծության ու խոսքի իրավունքի համար, ինչի կապակցությամբ նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին։
Արցախցի գործչի ձերբակալումն ու հետագա կալանավորումը տեղի են ունեցել մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի մասնակցությամբ գրանցված միջադեպից հետո։ Իրավապահ մարմինները նրան մեղադրում են բռնության հրապարակային կոչերի կամ դրա քարոզման, խուլիգանության և նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Ինքը՝ Օսիպյանը, հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան կառավարության ղեկավարի կողմից իր հասցեին հնչեցված հրապարակային որակումների դեմ։
Verelq.am