Սլովենացի գործարարը բիզնես-զբոսաշրջիկների համար գաստրոտուր կկազմակերպի Հայաստանում

Բաժանորդագրվել

Դեյան Լևպուշչեկը շուրջ երեք տարի Սլովենիա է ներմուծում հայկական գինիներ, վերջերս համտես է կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Սլովենական «Dionysos Sommelier» ընկերության հիմնադիր և գինի ներմուծող Դեան Լևպուշչեկը նախատեսում է սլովենացի ձեռնարկատերերի խմբի համար գինու և գաստրոնոմիական տուր կազմակերպել Հայաստանում։ Նա այդ մասին հայտնեց Sputnik Արմենիային «Concours Mondial de Bruxelles» գինու միջազգային մրցույթի ժամանակ, որը վերջերս անցկացվեց Երևանում։

Հայկական կողմից միջոցառման կազմակերպիչն էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը։

Լևպուշչեկը հայկական գինիներին ծանոթացել է մի քանի տարի առաջ Մոսկվա, իսկ այնուհետև Երևան կատարած գործնական ուղևորությունների ժամանակ։ Նա Երևան է այցելել 2021 թվականին՝ համավարակի շրջանում։ Այնքան վառ տպավորություններ է ստացել, որ մեկ-երկու տարի անց, երբ գինու ներմուծմամբ զբաղվող ընկերություն է բացել, հայկական արտադրանքն անմիջապես ներառել է իր տեսականու մեջ։

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ չնայած սեփական գինեգործական ավանդույթների առկայությանը` Սլովենիայի բնակիչները այնքան էլ ծանոթ չեն արտասահմանյան գինիներին։ Սակայն հայկական արտադրանքը, նրա կարծիքով, կարող է հետաքրքրել տեղի սպառողին։

«Ձեզ մոտ խաղողը հասնում է մեծ բարձրության վրա և հրաբխային հողերում, այդ պատճառով գինիներն աչքի են ընկնում ավելի բարձր թթվայնությամբ և վառ համով»,- նշեց Լևպուշչեկը։

Անցյալ տարի նա Սլովենիայի Իդրիա քաղաքում կազմակերպել է համտես-ընթրիք՝ նվիրված հայկական ու վրացական գինիներին և ազգային խոհանոցին։ Միջոցառումը պատրաստելու համար հրավիրվել էր «Michelin»-ի աստղ ունեցող ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարը։

«Ինձ դուր է գալիս Հայաստանը, այս երկրի մշակույթը և մարդիկ։ Սրտաբաց լինելու առումով որոշակի նմանություն կա Բալկանների հետ։ Հայաստանը զբոսաշրջության զարգացման լավ ներուժ ունի»,- ասաց նա։

Արդեն այս աշնանը Լևպուշչեկը մտադիր է սլովենացի բիզնես-զբոսաշրջիկների խումբ բերել Հայաստան։ Նա արդեն սկսել է բանակցել հայկական գինեգործարանների հետ, որոնք կարող են ներառվել ուղևորության ծրագրում։

Leave a comment