Ռուսաստանը և՛ սպառնալիք, և՛ գործընկեր․ ինչ են ցույց տալիս IRI-ի հարցման արդյունքները

Քաղաքականություն

22.05.2026 | 19:47

Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

«Ո՞ր երկրներն են Հայաստանի համար ներկայացնում քաղաքական ամենամեծ սպառնալիքը» հարցին ի պատասխան՝ քաղաքացիների մեծամասնությունը շարունակում է նշել Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին են վկայում 2026 թվականի մայիսին իրականացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցման արդյունքները, որտեղ հարցվողները կարող էին ընտրել մի քանի տարբերակ։

Հարցվածների 73%-ը որպես գլխավոր քաղաքական սպառնալիք նշել է Ադրբեջանը, 58%-ը՝ Թուրքիան։ Երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 32%-ով։ Միևնույն ժամանակ, հարցվածների 6%-ը կարծում է, որ նշված երկրներից ոչ մեկը Հայաստանի համար սպառնալիք չէ, իսկ 3%-ը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է։

Ժամանակագրական համեմատությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի համեմատ նվազել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ որպես սպառնալիք ընկալվելու մակարդակը։ Եթե 2023-ին Ադրբեջանը որպես սպառնալիք էր դիտարկվում հարցվածների 93%-ի, իսկ Թուրքիան՝ 89%-ի կողմից, ապա այժմ այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 73% և 58%։

Հետազոտությունն իրականացվել է 2026 թվականի մայիսի 5-11-ը՝ հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1,511 մշտական բնակիչ։

Անի Թամրազյան

Leave a comment