ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին՝ ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք էլ ավելի կընդլայնեն Ուկրաինայի դեմ պատերազմի մասշտաբները։
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Ֆլորիդայում կայացած հանդիպման ժամանակ նրանք «քննարկել են Ռուսաստանի կողմից այնպիսի գործողություններից զերծ մնալու կարևորությունը, որոնք կարող են՝ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ, հանգեցնել պատերազմի ընդլայնմանը»։
Նրանք ընդգծել են Ուկրաինայում հնարավորինս շուտ «խաղաղ կարգավորման» հասնելու և Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, Թրամփն ու Ռյուտեն քննարկել են պաշտպանական ծախսերի ու ներդրումների ավելացման հարցը, ինչպես նաև Իրանի հետ կապված՝ ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցությամբ հակամարտությունները։
Թրամփի հետ հանդիպումից առաջ Ռյուտեն «Fox News»-ի եթերում հայտարարել էր, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի կողմից «առավելագույն ճնշում» գործադրել Ռուսաստանի վրա. մի թեմա, որը նա մտադիր էր քննարկել ԱՄՆ նախագահի հետ։