Երեխաները նաեւ քաղաքացիներ են, ունեն իրենց դիրքորոշումները. ԿԳՄՍ փոխնախարարը՝ ՔՊ-ի քարոզարշավին նրանց ներգրավվածության մասին

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկումը սկսվեց «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծից, որը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց նախարարի տեղակալին: «Հարցը կապ չունի նախագծի հետ, այլ վերաբերում է այս օրերին նախընտրական շրջանում մասսայաբար, գոնե մի քանի շրջաններում, մարզերում հանրակրթության ոլորտը, ուսանողներին, դպրոցներին քարոզարշավի մեջ ներգրավելուն: 2 օր առաջ էլ էի ձեզ մի տեսանյութ ուղարկել, երեկ էլ տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես Վեդիում նույնիսկ փորձ էին անում, թե ինչպես վանկարկեն քաղաքական մեծամասնության ուժի համար եւ այլն:

Ինձ հետաքրքիր է՝ դուք եւ ձեր նախարարությունը, իշխող քաղաքական ուժը, որը տարփողում էր կրթական համակարգի ապակուսակցականացման, ապաքաղաքականացման մասին, այժմ աներեւակայելի մասշտաբներով թե կրթական համակարգի քաղաքականացվածությանը եւ ներգրավվածությանը (երեկ նաեւ ԵՊՀ ռեկտորի դրսեւորումները տեսանք) ինչպես եք վերաբերվում այս ամենին, ինչ գործիքակազմ եք կիրառելու:

Ես հիշում եմ, որ ԿԳՄՍ նախարարը խստագույնս պատժելու մասին հայտարարություններ էր արել, մինչեւ օրս ունե՞նք որեւէ արձագանք նախարարության կողմից: Նախավերջին դեպքն էլ Արագածոտնում էր՝ 4-5 դպրոցների տնօրեններ կամ մանկավարժներ, դպրոցական կոլեկտիվների ներկայացուցիչներ անբռնազբոսիկ ներկայացնում էին, թե ինչպես են դասի ժամին հայտնվել միտինգի վայրում: Խնդրում եմ ձեր, նախարարության գնահատականը եւ գործողությունները»,- հարցրեց Լիլիթ Գալստյանը:

Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այսպես արձագանքեց. «Նախարարն ԱԺ ամբիոնից էլ է հայտարարել, մենք բազմաթիվ շրջաբերական գրություններ ենք ուղարկել մեր բոլոր ուսումնական հաստատություններին, որով հստակ տրվել են այն կարգավորումները եւ հիշեցումները, թե ուսումնական հաստատություններն ինչպես պետք է իրենց դրսեւորեն նախընտրական այս փուլում:

Ես համաձայն չեմ ձեր գնահատականի հետ, որ աներեւակայելի դրսեւորումներ եք նկատում. մենք համակարգում ունենք 1400 դպրոց, 100-ից ավելի քոլեջներ, 425 հազարից ավելի դպրոցականներ, 45 հազարից ավելի ուսանողներ: Այո, ունեցել ենք դեպքեր, դրանք ունեցել են հետեւանքներ: Արագածոտնի մարզում 4 դպրոցներ կազմակերպված մասնակցել էին, եւ այդ դպրոցների տնօրենները ստացել են խիստ նկատողություն, մեկ դեպք ունեցել ենք Արմավիրի տարածաշրջանային քոլեջի գրադարանավարի կողմից, որի մասին տնօրենն առհասարակ տեղյակ չէր եղել, գրադարանավարը իր նախաձեռնությամբ իր կուրսղեկական խմբում որոշակի գործողություններ էր կազմակերպել: Երեկ եւս այդ գրադարանավարը ստացել է խիստ նկատողություն եւ զրկվել է կուրսղեկ լինելու հնարավորությունից:

Այսինքն՝ մենք շատ ուշադիր ենք, եւ բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրությունը, հետեւանքները պարտադիր լինում են: Եվ հուսով եմ, որ մեր բոլոր ուսումնական հաստատությունները հստակ գիտակցում են կառավարության, երկրի ղեկավարի, նախարարի դիրքորոշումը, նաեւ օրենսդրական պահանջը՝ ուսումնական հաստատությունների ապաքաղաքական լինելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է երեխաների մասնակցությանը, վանկարկելուն, երեխաները նաեւ քաղաքացիներ են, ունեն իրենց դիրքորոշումները: Մենք ցանկացած ահազանգի հետեւից գնում ենք, բայց նաեւ երեխաների մասնակցությունը չենք կարող բացառել, իրենք եւս ունեն դիրքորոշում, իրենց ընտանիքներից է դա գալիս, ընտանիքներում է քննարկվում, ընկերներով են քննարկում, հատկապես, եթե խոսում ենք դեռահասների, պատանիների մասին, նրանք՝ որպես մեր երկրի քաղաքացիներ, իրավունք ունեն իրենց տեսակետը եւ աջակցությունը հայտնելու այն քաղաքական ուժին, անձին, որի հանդեպ ունեն որոշակի վերաբերմունք»:

Լիլիթ Գալստյանն ասաց, որ ինքը մասնավոր դեպքերի մասին չի խոսում, նաեւ հեռախոսով ցույց տվեց տեսանյութը, որտեղ կազմակերպված՝ մանկավարժական կոլեկտիվը շարում է երեխաներին, որոնք քաղաքական մեծամասնությունը ներկայացնող զգեստներ հագած՝ փորձ են անում, որ հենց Փաշինյանը գա, բղավեն՝ համար 16: Պատգամավորը նշեց, որ բոլոր այն վայրերում, որտեղով անցնում է Նիկոլ Փաշինյանը, երթուղին ուղեկցվում է հանրակրթության ոլորտի մասսայական ներգրավվածությամբ, ինչն օրենքի խախտում է: Նա ընդգծեց, որ եթե այդպիսի վարքագիծ դրսեւորեր որեւէ այլախոհ դպրոցի տնօրեն կամ մանկավարժ, ԿԳՄՍ նախարարությունը եւ իշխանությունները մեկ վայրկյան իսկ չէին վարանի նրան պատժելու հարցում:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment