ԵՄ-ն հրապարակել է հոռետեսական գարնանային տնտեսական կանխատեսում, որում զգուշացրել է Եվրամիության տնտեսության աճի էական դանդաղման մասին՝ Մերձավոր Արևելքում հակամարտությամբ պայմանավորված նոր էներգետիկ շոկի ֆոնին։
Բրյուսելում հայտարարել են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն արդեն հանգեցրել է էներգակիրների գների կտրուկ աճի, ինչը կրկին արագացնում է գնաճը և վատթարացնում Եվրոպայի տնտեսական տրամադրությունները։ S&P Global-ի հրապարակած եվրագոտու գնումների մենեջերների ինդեքսը ցույց է տվել ակտիվության նվազում՝ հասնելով 47.5 ցուցանիշի, որը վերջին 31 ամիսների ամենացածր մակարդակն է՝ ապրիլի 48.8-ի համեմատ։
PMI-ի 50-ից բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական աճի մասին, մինչդեռ 50-ից ցածր թվերը ազդարարում են տնտեսական անկում կամ ռեցեսիա։ Այլ ցուցանիշներ ևս մատնանշում են տնտեսական դանդաղում և կառավարությունների բյուջետային ծախսերի աճ։
Կանխատեսման մեջ նշվում է, որ ԵՄ տնտեսությունը պետք է շարունակեր չափավոր աճը՝ գնաճի հետագա նվազման ֆոնին, սակայն հեռանկարները էապես փոխվել են Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո։
«Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուրջ էներգետիկ շոկ է առաջացրել, ինչը Եվրոպային կանգնեցրել է նոր փորձության առաջ՝ արդեն անկայուն աշխարհաքաղաքական և առևտրային միջավայրում», – հայտարարել է ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը: