Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրության հանգամանքները, ասվում է ՀՀԽ հայտարարության մեջ։
ՀՀԽ-ն հավելել է, որ իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, հեռարձակել էր Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» համերգը, ինչը քննադատության ալիք է առաջացրել քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների, քաղաքական գործիչների, հասարակական և մեդիա ոլորտի ներկայացուցիչների շրջանում։
Քննադատությանն արձագանքել էր նաև Սիմոնյանը՝ հայտնելով, որ համերգի հեռարձակումն իր հետ չէր համաձայնեցվել։ Երգիչը Հանրայինի որոշումն անվանել էր «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։