Ի՞նչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթֆոն կամ չգիտի՝ ինչպես գործարկել Armed հավելվածը․ պարզաբանում է Ավանեսյանը

Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթֆոն կամ չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ գործարկել ArMed հավելվածը


ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթֆոն կամ չգիտի՝ ինչպես ներբեռնել կամ գործարկել ArMed հավելվածը։


«Այս պարագայում մեր քաղաքացիները մոտենում են առաջնային օղակի իրենց պոլիկլինիկա կամ ամբուլատորիա, նրանց օգնում են գործընթացը իրականացնել», – նշեց նախարարն այսօր ԱԺ–ում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ քննարկման ժամանակ։ 


Ավանեսյանի խոսքով՝ եթե անձը չունի սմարթ հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրա բժիշկը բացում է ArMed հավելվածի տեսանելի դաշտերը և սեղմում համաձայնության կոճակը՝ ներկայացնելով պացիենտին։ 


«Այսինքն`այստեղ էլ որևէ խնդիր չկա։ Եթե մարդը չունի սմարթ հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ-որ առումով խնդիր կունենա օգտվելու», – ասաց Ավանեսյանը։ 


Ըստ նախարարի՝ եթե ինչ-ինչ պատճառներով մարդը չի ակտիվացրել իր ArMed հավելվածը, համաձայնությունը չի տվել, բայց շտապ օգնության միջոցով ընկել է հիվանդանոց, սա ևս խոչընդոտ չէ նրա իրավունքն իրացնելու համար։ 


«Տվյալ պահին հիվանդանոցային այցի շրջանակում հաստատումը կիրականացվի, և քաղաքացին կստանա իր բժշկական օգնությունը։ 


ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին 


2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։   


Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։ 


2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։

Leave a comment