«Հանքարդյունաբերությունը պետք է դառնա բաց բաժնետիրացման առաջամարտիկը Հայաստանում».  Փաշինյան

«Կարող ենք հստակ արձանագրել, որ ոլորտում կան մեծ հնարավորություններ, բայց կան նաև մարտահրավերներ։ Ակնհայտ է, որ էկոլոգիական ստանդարտների պահպանման խնդիրը՝ հաշվի առնելով գլոբալ մարտահրավերները, Հայաստանում և ամբողջ աշխարհում ավելի արդիական է դառնում։ Ի վերջո, այսօր աշխարհն առերեսվում է այն իրողության հետ, որ Երկիր մոլորակը կանգնած է լուրջ էկոլոգիական մարտահրավերների առաջ։ Բոլոր երկրները պարտավոր են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- այսօր ՀՀ հանքարդյունաբերական երրորդ ֆորումի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտի կարևոր մարտահրավերներից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացիներն այն համարեն իրենցը, և ոլորտը չստեղծի օտարության ու շահագործման տպավորություն։

«Մենք ֆունդամենտալ խնդրի հետ պետք է առերեսվենք։ Ընդերքը Հայաստանի ժողովրդի և պետության սեփականությունն է։ Նկատել ենք՝ որքան ավելի ներգրավված է իրեն համարում հանրությունը, այնքան ավելի դրական է ոլորտի ընկալումը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանքարդյունաբերությունը պետք է Հայաստանում բաց բաժնետիրացման ինստիտուտների զարգացման առաջամարտիկը դառնա։ Նա նկատի ուներ ընկերությունների՝ ֆոնդային բորսաներում ցուցակման գործընթացը։

«Բաց բաժնետիրացումը հնարավորություն կտա, որ շատ ՀՀ քաղաքացիներ դառնան բաժնետեր և բիզնեսը համարեն նաև իրենցը։ Նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամուլսարի ծրագրի դեպքում կառավարության բաժնեմասի հետ կապված մեր ընկալումն այդպիսին է․ ուզում ենք հասնել այն կետին, որ կառավարությունն իր օրինակով ցույց տա և Հայաստանում խթանի բաց բաժնետիրացումը»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ նույնիսկ փոքր ռեսուրսներ ունեցող պոտենցիալ հանքավայրերը կարող են շահագործվել, սակայն դա իր հերթին նոր մարտահրավերներ է առաջ բերում։

«Եթե հանրային ներգրավվածության և ստանդարտների խնդիրները չլուծենք, տարբեր տեղերում կարող ենք բախվել լուրջ բռնկումների»,- ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում սպասվող գործընթացների արդյունքում երկաթուղին ավելի նշանակալի դեր կխաղա լեռնահանքային ոլորտում։

«Հուսով եմ, որ մոտ ապագայում սպասվող գործընթացների արդյունքում երկաթուղին ավելի նշանակալի դեր կխաղա լեռնահանքային ոլորտի համար, ինչը, հուսով եմ, արտահանման տեսանկյունից օգուտ կբերի լեռնահանքային ընկերություններին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանից լեռնահանքային արտադրանքի արտահանումն արդեն իսկ իրականացվում է երկաթուղով, և հույս հայտնեց, որ ընկերությունները հետագայում կկարողանան իրենց արտադրանքն արտահանել ավելի կարճ ճանապարհով։

Միևնույն ժամանակ վարչապետը դժգոհություն հայտնեց այն հանգամանքից, որ հանքարդյունաբերության ոլորտը մեծ հարցականի տակ է դնում ենթակառուցվածքներում պետության կատարած ներդրումները, քանի որ գերբեռնված բեռնատարները վնասում են ճանապարհները։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment