Պայքար արժեհամակարգերի դեմ

Ռուս բոլշեւիկները, իշխանության գալուց հետո, երկար տարիներ պայքար էին մղում «դեռեւս չոչնչացված» (недобитые) տարրերի դեմ: Ընդ որում, խոսքը «սպիտակ գվարդիականների» մասին չէ՝ զինված պայքարը, Քաղաքացիական պատերազմն ավարտվել էր 1923 թվականին: Բայց դրանից հետո «պարզվեց», որ նրանք, ովքեր պետք է ոչնչացվեին, դեռեւս չեն ոչնչացվել, եւ այդ թշնամական տարրերի նկատմամբ պայքարը շարունակվում էր՝ թե՛ լայնածավալ ռեպրեսիաների, թե՛ հռետորաբանության, քարոզչության տեսքով: Ստալինը նույնիսկ մի տեսություն ուներ (բավականին անհեթեթ), որ սոցիալիզմի զարգացմանը զուգահեռ սրվում են դասակարգային հակասությունները: Իրականում ո՛չ սոցիալիզմ կար, ո՛չ դրա զարգացում, ո՛չ էլ դասակարգային հակասություններ:

Այդ «տարրերի» դեմ պայքարի հիմնական թիրախներից մեկը «կուլակներն» էին՝ սեփականություն ունեցող գյուղացիներ, որոնք իրենց աշխատանքով ինչ-որ բանի էին հասել, իսկ բոլշեւիկներին պետք էր, որ բոլորը կախված լինեն պետությունից: Իսկ երկրորդ թիրախը մտավորականությունն էր, լայն իմաստով՝ ինքնուրույն մտածելակերպը, որեւէ (թեկուզ կոմունիստական) արժեհամակարգը:

Եվ այստեղ ես զուգահեռներ եմ տեսնում այսօրվա Հայաստանի հետ: Դեռեւս չոչնչացված «սպիտակ գվարդիականների» դերում հանդես են գալիս «նախկինները»: Այդ հասկացությունը վաղուց արդեն դուրս է եկել զուտ կիրառական շրջանակից եւ նշանակում է միանգամայն այլ բան՝ ոչ թե նրանք, ովքեր ինչ-որ պաշտոն են զբաղեցրել, այլ նրանք, ովքեր իրենց՝ ՔՊ-ի եւ նիկոլականների նման չեն մտածում:

Եվ այս դեպքում նույնպես՝ որպես «նախկին» պետք է «վերջնականապես ոչնչացվեն» (բարեբախտաբար, ոչ ֆիզիկապես՝ այդ ժամանակներն անցել են) որեւէ արժեհամակարգ կրողները: Ի՞նչ է արժեքային համակարգը: Կարծում եմ, այն, ինչ սակարկելի չէ: Բնականաբար, տարբեր մարդկանց մոտ դա կարող է տարբեր լինել, բայց սովորաբար ազգերի, նաեւ հայերի դեպքում դա կապված է մեր պատմության եւ խորհրդանիշների հետ:

Արժեքները, ի վերջո, բարի ու չարի սահմանի մասին պատկերացումներն են: Կարկանդակը, որքան էլ համեղ լինի, նման պատկերացում չի տալիս: Պետությունը, այո, կարող է տալ: Բայց պետությունը, որպես մարդկանց, նրանց կարիքներին (նաեւ ազգային իղձերին) ծառայող գործիք: Ոչ թե որպես թիվ մեկ իշխանավորի խելահեղ ամբիցիաները սպասարկող համակարգ: Ոչ թե որպես նախընտրական կրծքանշան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment